Տոնական ընթրիք Ավստրիայի նախագահի պատվին
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի եւ տիկին Մարգիթ Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից այսօր տրվել է պաշտոնական ընթրիք:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում անդրադարձել է ինչպես երկու բարեկամ ժողովուրդներին կապող միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմությանը, այնպես էլ դարերի խորքից եկող հայ-ավստրիական ժողովուրդների առնչություններին, այդ թվում՝ Ավստրիայում հայերի հիմնավոր եւ շարունակական ներկայությանը, որը վերագրվում է 18-րդ դարի վերջին, երբ հայ ժողովրդի կրթական ու մշակութային զարգացման, ազգային ինքնության պահպանման գործում հսկայական ավանդ ունեցած Մխիթարյան միաբանության վանականների մի խումբ նախ հաստատվեց Տրիեստում, ապա` Վիեննայում:
“Հայ-ավստրիական առնչությունների մասին խոսելիս չեմ կարող չհիշել մի ավստրիացի մտավորականի, ում անունը ոսկե տառերով է գրված մեր պատմության մեջ: Խոսքը Ֆրանց Վերֆելի մասին է, ով իր`”Մուսա լեռան 40 օրը” վեպով աշխարհին մատուցեց Հայոց ցեղասպանության դաժան օրերին հայերի գոյապայքարի դրվագներից մեկը:
1988թ. Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Ավստրիան առաջին երկրների թվում էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, ապա հետեւեց Գյումրիում Ավստրիական մանկական հիվանդանոցի եւ Ավստրիական թաղամասի կառուցումը, ինչի համար մենք մշտապես երախտապարտ ենք Ավստրիայի կառավարությանը:
Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո անցած 20 տարիների ընթացքում մեր երկրների հարաբերություններում նկատելի առաջընթաց է արձանագրվել, բայց եւ դեռեւս մեծ է չօգտագործված ներուժը: Հայաստանը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակի կենսագործման համար:
Ավստրիան Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքին մերձենալու ճանապարհը: Մեր հարաբերությունները Եվրամիության հետ զգալի առաջընթաց են արձանագրել, ինչի համար լայն հնարավորություններ է ընձեռում Արեւելյան գործընկերություն ծրագիրը:
Մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանն ընդգրկվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, եւ առաջիկայում համատեղ ծրագրեր կիրականացվեն գյուղատնտեսության եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում, որոնցից երկուսն էլ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար:
Համագործակցությունը զարգացնելու համար լուրջ ակնկալիքներ ունենք նաեւ մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում: Հատկապես կառանձնացնեի մշակույթի ոլորտը: Ավստրիական երաժշտությունն ու գրականությունը ոգեշնչել են բազմաթիվ սերունդների աշխարհի տարբեր անկյուններում: Կարծում եմ Ավստրիայում էլ շատերն են հետաքրքրված հայկական մշակույթով: Մեր ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը կարող է հենասյուն դառնալ այդ ոլորտում սերտ համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման համար”,-ասել է nախագահ Սերժ Սարգսյանը:
Ավստրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար եւ իր բաժակաճառում նշել. “Հայաստանն ունի երեքհազարամյա պատմական անցյալ: Դեռ անտիկ ժամանակաշրջանում այն եղել է բարձրագույն արվեստների օրրան եւ առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ուրախ ենք, որ վաղը տեսնելու ենք մշակութային այդ բացառիկ հուշարձաններից մի քանիսը, այդ թվում՝ Գեղարդի վանքային համալիր, որը 2000թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մասն է:
Ցավոք, հայ ժողովուրդը ստիպված է եղել պատմության ընթացքում նաեւ մեծ տառապանքներ ապրել. 1915թ. ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրքը մատուցելու եւ ավստրիացի ժողովրդի հարգանքն արտահայտելու նպատակով այսօր հետկեսօրեին զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դրեցի եւ ծառ տնկեցի: Հայոց պատմության այլ փուլերում եւս եղել են ողբերգական դեպքեր:
Այսօր մենք ունենք ավելի քան քսան տարի գոյուություն ունեցող երկկողմ հարաբերություններ: Հայաստանը 1993թ. հարավկովկասյան առաջին պետությունն էր, որը Վիեննա գործուղեց իր դեսպանին, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում: Ավստրիան նույնպես վերջին տարիներին մշտապես ընդլայնել է իր ներկայությունը Հայաստանում:
Իմ պատվիրակության կազմում ժամանել են նաեւ ավստրիական բազմաթիվ ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ նոր կապեր հաստատելու եւ նորանոր գործընկերներ գտնելու նպատակով: Կուզենայի այս պատեհ առիթով նաեւ հայ գործարարներին կոչ անել՝ օգտագործելու Ավստրիայի տնտեսության առավելությունները: Վիեննայի եւ Երեւանի միջեւ «Ավստրիական ավիաուղիների» կողմից իրականացվող ուղիղ չվերթը կօգնի խորացնելու մեր կապերը:
Մեր երկրների միջեւ մշակութային լավ հարաբերությունները պահպանվում են նաեւ Մխիթարյանների շնորհիվ: Անցած տարի Մխիթարյան միաբանությունը տոնեց իր հիմնադրման 200-ամյա հոբելյանը: Հիշարժան է, որ 1847թ. Վիեննայում տպագրված «Եվրոպա» շաբաթաթերթը նպաստել է նոր հայերենի զարգացմանը:
Սրտանց շնորհավորում եմ Երեւան քաղաքին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ընտրվելու կապակցությամբ եւ ուրախ եմ, որ Ավստրիան ներկայացված է գրական պատկառելի ծրագրով:
Բացի գերազանց երկկողմ հարաբերություններից՝ մեր երկրներին միավորում է նաեւ լավ ձեւավորված բազմակողմ համագործակցությունը”: