Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա. Հրանտ Բագրատյան
«Ի՞նչ է կատարվել Սյունիքում. հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր ստանում են Գորիս և Սիսիան քաղաքները: Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ ակներև է՝ լճից այն կողմ թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու՝ ի տարբերություն հայերի, և այդ բնակավայրերին ջուր է պետք:
«Հնարավոր է՝ այդ առաջխաղացումը որ կա Սիսիանի մոտ, երևի ապագայում դա լինի երկրորդ միջանցքը, որովհետև թշնամին պնդում է, որ Փաշինյանը երկու միջանցքի խոստում է տվել, չնայած այսօր առավոտյան Փաշինյանն ասաց, որ այդպիսի բան չկա: Եթե այդպիսի բան չկա՝ հրապարակեք բոլոր թղթերը, որ ստորագրել եք: Մեր կարծիքով՝ կա երկրորդ հայտարարությունը՝ ստորագրված հունվարի 11-ին: Բանակցության ժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ իրենց 8 գյուղ պետք է տաք Տավուշի շրջանում: Տավուշցինե՛ր, լսեք, էն, որ Նիկոլի անունն եք տալիս ու ուզում եք քվեարկել: Եվ մեկ գյուղ էլ Արարատի մարզում, դա Քյարքին է, որը տալով՝ մենք ճանապարհ չենք ունենա դեպի Սյունիք: Ինքը տալու է, ես վստահ եմ: Ադրբեջանցիները թեթևամտորեն 250 հոգով մտել էին ՀՀ տարածք, բոլոր բարձունքներին հայ զինվորները նստած են, շրջափակիր, վերցրու ու արդեն գերիների հարցը կլուծես: Ամբողջ աշխարհը քո կողմն է: Վերևից դնում և ԴՇԿ-ով սատկացնում ես բոլորին, որևէ հարց չկա, սակայն հրաման չի տրվում, բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունյանի, Արտակ Դավթյանի տակ»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
Բանախոսը խոսեց նաև Ֆրանսիայի նախագահի առաջարկի մասին՝ ասելով, որ նաև նրա՝ Անվտանգության խորհուրդ դիմելու առաջարկին մենք տոն չենք տվել:
«Հետո դու զանգում ես Պուտինին, դիմում ես ՀԱՊԿ-ին, ու չսպասելով պատասխանի՝ գնում, բանակցում ես ոչ թե դու, այլ ի վերջո գալիս է գեներալ Մուրադովը, և ադրբեջանցիները մի կերպ զիջումներ են անում, ասում են՝ էս մի քանի տեղից հետ ենք քաշվում, բայց 4 պոստ մնում է: Ամենաբարձրը 3.2 մ բարձունքն է, որտեղ մենք համատեղ դիրք ունենք, այսինքն, ասում ենք՝ Ադրբեջան, համաձայն ենք, որ մեր տարածքում դիրք ունենաք: Հաջորդը. երկրի տարածքային ամբողջականության պատասխանատուն ՀՀ նախագահն է, նա էլ փախած է: Մոսկվայում նստած գործեր է բռնում. նրան հյուր են եկել իր տղաները: Ռուսները չեն հասկանում՝ ՀՀ նախագահը, 15-20 օր է, ի՞նչ է անում այնտեղ: ՀՀ Սահմանադրության 123 և 205 հոդվածներով ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է, Նիկոլը չէ: Ավելին՝ այս ընթացքում նախագահի աշխատակազմն է հայտարարություն անում, ոչ թե ինքը, պատկերացնո՞ւմ եք: Որովհետև ադրբեջանական նավթում «փայ» ունի: Ինքն էր, որ չթողեց խփել նավթամուղին ու վերջացնել պատերազմը: Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ»,- հավելեց Հրանտ Բագրատյանը:
Նա հայտնեց, որ 19:00-ից լինելու են Ազատության հրապարակում, պետք է զորամիավորում ստեղծել, ուրիշ ելք չկա: