Բնապահպանության նախարարի հերթական այցը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ “Արգելոցապարկային համալիր” ՊՈԱԿ-ի “Ջրվեժ” անտառապարկ: Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. “Ջրվեժ” անտառապարկը մոտ է մայրաքաղաքին եւ պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այնուամենայնիվ, այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ տարածքի պահպանության իրականացման, վարձակալված տարածքներում տիրող իրավիճակի եւ հարակից շրջանների բնակչության հետ կապված: Սրանք լուծելի խնդիրներ են, որոնք կամք եւ հետեւողական մոտեցումներ են պահանջում”:
Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին` դժվարին պայմաններում աշխատանքներ իրականացնելու համար, Արամայիս Գրիգորյանը հորդորել է վերջիններիս լինել առավել ուշադիր, մշակել եւ նախարարությանը ներկայացնել ծրագրեր “Ջրվեժ” անտառապարկն իր բացառիկ եւ անհետացող բուսատեսակներով պատշաճ կերպով պահպանելու եւ որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Այցի ավարտին նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը` նշելով, որ շատ մոտ ապագայում ակնկալում է որակական լուրջ փոփոխություններ, որոնց անձամբ հետեւելու է հետագա այցելությունների ընթացքում: