25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն անցնում է կարմիր գիծը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված ֆեյքնյուզի՝ կեղծ լրատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդրին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։

«Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ դիմելով Արթուր Վանեցյանին՝ ավելացրել․ «Մենք դրա մասին իրար հետ խոսակցություն ունեցել ենք: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն արդեն իսկ բուռն արձագանքի է արժանացել սոցիալական ցանցերում, գրեթե բոլորը համակարծիք են, որ այն, ինչ ԱԱԾ պետին հանձնարարել է վարչապետը, անթույլատրելի է, անթույլատրելի է ուժային կառույցներին, հատկապես ու առավել եւս ԱԱԾ-ին այդ գործին մասնակից դարձնելը։

Կեղծ լրատվության՝ ֆեյքնյուզի ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդիրն իրականում համաշխարհային նշանակության խնդիր է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հատկապես սոցիալական ցանցերի զարգացումը բերել է նրան, որ գումարներ ծախսելով հնարավոր է ապատեղեկացնել-ապակողմնորոշել հանրությանը, ազդել հանրային կարծիքի վրա ու մանիպուլացնել հասարակությանը։ Այս խնդրի լուծումը դեռ գտնված չէ։

Գտնված չէ հատկապես զարգացած ժողովրդավարական երկրներում, որոնցում խոսքի ազատությունը համարվում է գերագույն ու անառարկելի արժեք։ Համեմատաբար այլ է իրավիճակը ավտորիտար պետություններում, այդ թվում, օրինակ, Ռուսաստանում, որտեղ փորձում են կեղծ տեղեկատվության ու մանիպուլյացիաների դեմ պայքարել ռեպրեսիվ մեթոդներով՝ ընդունելի համարելով պետական տարբեր կառույցների միջամտությունը տեղեկատվական դաշտում ու սոցիալական ցանցերում։ Տակավին վերջերս Ռուսաստանում ընդունվեց այդ խնդիրը կանոնակարգող օրենքների հերթական խմբաքանակը։

Կեղծ տեղեկատվության, մանիպուլյացիաների խնդիրը, այո, առկա է նաեւ Հայաստանում։ Ակնհայտ է, որ այդ հնարավորությունից օգտվում են իշխանության ընդդիմախոսները, առաջին հերթին՝ նախկին համակարգի ներկայացուցիչները։ Ակնհայտ է նաեւ, որ այդ նպատակով նրանք ծախսում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Այսինքն՝ խնդրի ձեւակերպման իմաստով Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է։

Սակայն արդյո՞ք արդարացված է այս խնդրի լուծումը ԱԱԾ-ին վերապահելու նրա մոտեցումը։ Միանշանակ ոչ։ Որովհետեւ մի կողմից դժվար է պատկերացնել, թե ինչ մեթոդներով է ԱԱԾ-ն պայքարելու կեղծ լրատվության ու մանիպուլյացիաների դեմ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե ԱԱԾ-ն, պայմանականորեն ասած, մտավ սոցիալական ցանցեր, դա ոչ մի լավ հետեւանք չի ունենալու։ Այս հարցում շատ, չափազանց մեծ է կամայականությունների հնարավորությունը, եւ ԱԱԾ-ն կամ որեւէ այլ կառույց հեշտությամբ կարող են թացը խառնել չորին։

Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա չպետք է վտանգի խոսքի ազատությանը, ակնհայտ է, որ ԱԱԾ-ի ներքաշումը այս դաշտ միանշանակորեն վնասելու է խոսքի, արտահայտվելու ազատության, քանի որ այն պահից սկսած, երբ ԱԱԾ-ն որոշեց՝ որն է ճիշտ եւ որը սխալ տեղեկատվությունը, մամուլը եւ սոցիալական ցանցերը դառնալու են գրաքննության օբյեկտներ։

Դա անխուսափելի է, որքան էլ նպատակները լինեն ազնիվ ու անկեղծ։ Հետեւաբար, ԱԱԾ տնօրենին նման հանձնարարական տալով, Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա անցել է այն կարմիր գիծը, որը չանցնելու անհրաժեշտության մասին խոսել է իր ելույթում։ Պետք է հուսալ, որ հանրության կարծիքը այս հարցում կլինի որոշիչ եւ իշխանությունը հետ կկանգնի ուժային կառույցների միջոցով կեղծ տեղեկատվության ու մանիպուլյացիաների դեմ պայքարելու իր չափազանց վտանգավոր մտադրությունից։

Կրկնում ենք, այս խնդիրն առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, եւ ինչպես ժողովրդավարական պետություններն են գտնվում այս խնդրի լուծման որոնումների մեջ, այդպես էլ Հայաստանը պետք է շարունակի փնտրել խնդրի կարգավորման արդյունավետ ու ամենակարեւորը՝ խոսքի ազատությանը մազաչափ իսկ չվտանգող լուծումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ