«Ի՞նչ հիմքեր ունենք Արցախի ՊԲ-ին չհավատալու»

«Անգրագիտություն է կանգնել Հանրապետության հրապարակում ու ասել, թե սահմանին ամեն ինչ հանգիստ է: Եթե չվստահենք բանակին եւ նրա հրամանատարության հայտարարությանն այն մասին, որ հակառակորդի կողմից կուտակումներ կան, Ադրբեջանը կարող է օգտվել այդ փաստից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն՝ անդրադառնալով վերջին օրերի հայտարություններին, թե Արցախի ՊԲ-ի՝ հակառակորդի կողմից զորքերի կուտակումների մասին տվյալներն արժանահավատ չեն:
Բանախոսը ուշադրություն հրավիրեց Արցախի ՊԲ-ի կողմից հրապարակված կադրերին. «Այդ կադրերում տեսանք, որ նաեւ տանկերի տեղաշարժ կա: Իսկ դա նշանակում է, որ հակառակորդն իսկապես գործողություններ է նախապատրաստում»:
Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խորհրդարանում հայտարարեց, թե հակառակորդի կողմից զորքերի տեղաշարժ իրականում չկա, Աշոտ Մովսիսյանն արձագանքեց. «Սասուն Միքայելյանը պաշտոնապես չի կարող հաստատել՝ զորքերի տեղաշարժ կա, թե ոչ: Նա ասում է, թե Ռուսաստանից իրեն ասել են, որ չկա: Բայց ի՞նչ հիմքեր ունենք Արցախի ՊԲ-ին չհավատալու: Մինչ օրս վերջինիս կողմից չի եղել կեղծիքի դեպք: Սասուն Միքայելյանը պարզապես քաղաքական հայտարարություն կատարեց»: Փորձագետը նաեւ հավելեց՝ եթե հայաստանյան ժողովրդական շարժումը թեւակոխեր այնպիսի փուլ, որի դեպքում երկրում արտակարգ դրություն մտցվեր, սահմանին Ադրբեջանի կողմից լուրջ դիվերսիաներ եւ մեծածավալ էսկալացիաներ կլինեին: