29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ու չգիտեմ, որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով…

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում։

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին։

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում։

 

 

ՀՐԱՇՔ

Երազիս մեջ դուռը զարկին
– Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»…

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք… մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա…»

Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
– Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես…»

Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին,
Որ տենչում է իր դարավոր
Ոխը նորից հորձանել,
Նորափետուր Երևանս
Նորից գաղտնի կործանել,
Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,
Աստված ինքն էս չգթա,
Յոթնահողով Հայաստանի
Տունդ կիսատ չի մնա…

Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատվի լուրն ինձ բերեք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մավշել 
Արարատիս կարոտից,
Որ չմեռնեմ խնդությունից
Լուրն ինձ բերեք շշուկով:

 

 

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,

Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,

Իմ սիրտն ի՜նչ է, ա’խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,

Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

 

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,

Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, –

Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, –

Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

 

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,

Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,

Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, –

Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ