Շնորհակալ կլինի Սերժ Սարգսյանին
Ըստ որոշ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել բոլոր քննչական ծառայությունները մեկ միասնական համակարգում: Ընդ որում` այդ բավական մեծ ու լուրջ կշիռ ունեցող ինստիտուտը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:
Այսպես կոչված՝ “խոշորացված ՔԾ-ն” դառնալու է համակարգի լուրջ հարցեր լուծող լավ ռեսուրս նախագահի ձեռքին, որը, միգուցե, կծառայի ուժային կառույցների հակակշիռ, միաժամանակ դառնալով նաև դրանց միջև հարաբերությունների ռեգուլյատիվ սուբյեկտ, եթե այդպիսի անհրաժեշտություն ինչ-որ պահի հասունանա:
Հիշեցնենք, նախագահը ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին ազատեց ոլորտն անկախ չպահելու պատճառով, ուստի դա նշանակում էր, որ նա ինչ-որ առումով հենվում է այդ կառույցի վրա: Այս ֆոնին պարզ է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանը ցանկանում է միավորել քննչական ծառայությունները, սկ դրա ղեկավար նշանակելով Աղվան Հովսեփյանին, նա, փաստորեն կարող է ակնկալել իր պատկերացրած անկախությունը, որովհետև նախկին գլխավոր դատախազն այն մարդն է, ով ունի դրա համար բավարար կշիռ և ռեսուրսներ:
Սա նշանակում է, որ Հովսեփյանը դառնալու է համակարգում մեծ հնարավորություններ ունեցող պաշտոնյա, ով այդ կարգավիճակի համար շնորհակալ կլինի նախագահին՝ մշտապես կանգնելով նրա կողքին: Հավանաբար, համակարգում կան խնդիրներ, որոնք լուծելու համար Սերժ Սարգսյանն ընտրել է իշխանության հնարավորինս հորիզոնական և բազմաշերտ տարանջատումը, որի շնորհիվ հնարավոր կլինի մանևրելու լայն դաշտ ունենալ:
Ներհամակարգային կատակլիզմների դեպքում այսպիսի բաժանումը կնպաստի գտնելու կայունացման բանալին: Փաստացի իրական իշխանության աղբյուրների բազմապատկումը կարող է զսպել իշխանական այլ կենտրոնների ախորժակը, և նախագահը, ժամանակ առ ժամանակ հենվելով այս կամ այն ուժի վրա, կարող է և զսպել նրանց, և ամրապնդել սեփական դիրքերը՝ հընթացս խորացնելով դրանց կախվածությունն իրենից:
Ինչու՞ է որոշվել հիմա ստեղծել նման կառույց և հատկապես ում կամ ինչու պետք է այն զսպի կամ հակակշռի, ցույց կտա ժամանակը:
Հ. Գ. Հոդվածն արդեն թողարկված էր, երբ ստացվեց ՀՀ նախագահի կարգադրության մասին հաղորդագրությունը Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին:
Արման Սահակյան