Ոստիկանությունը պարզաբանում է
www.hayeli.am կայքում հրապարակվել է հոդված, համաձայն որի՝ ռուսաստանցի դիտորդ Ռոման Ուդոտը թիվ 5/2 ընտրատեղամասում նկատել է, թե ինչպես են ոստիկաններն ուղղորդում ընտրողների մի խումբ, որոնք ընտրության են եկել ժամանակավոր գրանցման փաստաթղթերով: Ըստ դիտորդի՝ փաստաթղթերը պաշտպանված չեն և ցանկության դեպքում այդ մարդիկ կարող են քվեարկել անսահմանափակ անգամ: Ռոման Ուդոտը նաև նշում է, որ այդ ընտրատեղամասում ռեյտինգային թեկնածու է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի փեսան:
Նման մեկնաբանությունները ՀՀ օրենսդրության չիմացության արդյունք են:
Անձնագրային ծառայությունների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված անձի ընտրական իրավունքը իրացնելու նպատակով տրվում են հետևյալ տեղեկանքները, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի:
Առաջինի դեպքում, երբ անձը մինչև 2017 թվականի մարտի 23-ը ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն դիմել է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար, կամ՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող անձինք մինչև վերը նշված ժամկետը դիմել են ընտրողների ցուցակներում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
Երկրորդ դեպքում, երբ քվարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը անձը դիմում է անձնագրային ծառայություն՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար, եթե ունի հաշվառում և դուրս է մնացել ընտրողների ցուցակներից, կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետում դիմել է համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:
Առաջին դեպքում անձանց տվյալներն ընդգրկվել են ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցողների ընտրողների ցուցակներում: Նշված ցուցակները հրապարակվել են ընտրական տեղամասերում, մատյանի ձևով տրվել են տեղամասային հանձնաժողովներին, էլեկտրոնային կարգով տեղադրվել տեղամասերի սարքավորումների մեջ: Ցուցակները էլեկտրոնային կարգով հրապարակվել են նաև www.elections.am և wwww.police.am կայքերում: Ընդ որում, ոստիկանության պաշտոնական կայքից անձը հնարավորություն ունի ներբեռնել ամբողջ ցուցակները և համեմատել, թե արդյոք նույն անձի տվյալը կա նույն կամ այլ տեղամասերում:
Վերը նշված տեղեկանքները հաստատված են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, դրանց համար հատուկ պաշտպանական ապահովումներ չեն պահանջվում և ընդհանրապես հարկավոր չեն: Անձը նույնիսկ եթե ցանկանա նույն տեղեկանքով կրկին անգամ ներկայանա քվեարկության, այն չի կարողանա իրացնել, քանի որ, նախ էլեկտրոնային սարքավորումը կբացառի ընտրողի գրանցումը և բացի այդ, ընտրողների ցուցակներում նրա տվյալը մեկ տեղ է:
Ինչ վերաբերում է քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տրվող տեղեկանքներին, ապա Դավիթաշենի անձնագրային ծառայության կողմից նման տեղեկանք ընդհանրապես չի տրամադրվել: