Եւս 5 նոր հյուրանոցային համալիր
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/009_1364631148.jpg)
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում կարեւորելով Երեւանի զբոսաշրջային գրավչության ու հարմարավետության ապահովումը, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 5 նոր հյուրանոցային համալիրներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ավան վարչական շրջանում ընթացող “Վինթոն Հոթել Երեւան” հյուրանոցի կառուցման աշխատանքների ընթացքին:
Տեղում նախագծի վրա պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ապագա հյուրանոցի հետ կապված մանրամասներ. “Ներկայումս տարեկան Երեւան են այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ եւ այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երեւանը հարամարվետ պետք է լինի թե մեր քաղաքացիների եւ թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար: Եվ այդ տեսանկյունից անշուշտ կարեւոր է նաեւ նոր հյուրանոցների կառուցումը: Երեւանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք եւս 5-ը:
Ընդ որում, այս հարցում եւս առաջնորդվել ենք Երեւանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք եւ քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն