Ինչ է մտածում Հայրիկյանն էպոսագետի ու հանցագործների կապի մասին
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր դեմ իրականացված մահափորձի կասկածների մասին խոսել չի ուզում: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քրեական գործի ընթացքով չի հետաքրքրվում, անգամ հրաժարվել է հանցագործների լուսանկարը տեսնել:
Հայրիկյանը այդպես էլ չհստակեցրեց, թե առերեսում եղել է իր եւ ձերբակալվածների միջեւ: Ինչ վերաբերվում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե վերջիններս էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ ինչ-որ կապ ունեն, մասնավորապես, վերանորոգել են նրա բնակարանը, Պարույր Հայրիկյանն ասաց.’’Սեդրակյանին ես ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կրակողներին եմ ճանաչում:
Նկարները մի քանի անգամ ցույց են տվել, ասել եմ` շնորհակալություն, ինձ պետք էլ չի, որ ես դրանց նկարները նայեմ: Ինձ համար ամենակարեւոր բանը, որ ես կարողացել եմ անել ինձ համար եւ ձեզ համար, դա սադրանքի պահին չկորցնել ինձ եւ կարողանալ փրկել ինձ ու ձեզ’’:
Հայրիկյանն անդրադարձավ նաեւ էպոսագետի այն հայտարարությանը, թե իր մեքենան Հայրիկյանից թանկ է: ‘’Ինձ թվաց, նա ասաց՝ իմ ամենաէժան մեքենան Հայրիկյանի մեքենայից թանկ է: Ես ասեցի`մարդ է, նյութականով է ապրում: Հետո մի երկու հոգով ասեցին, որ էդ մարդն ասում է՝ իբր իր մեքենան Հայրիկյանից թանկ է:
Էլ ես ընդհանրապես էդ մարդուն ուզեցի չնկատել: Ես էդ մարդու հետ երբեք չեմ առնչվել, բայց եթե նա ընդունակ է իր մեքենան իմ մեքենայի հետ համեմատել կամ առավել ևս իր մեքենան ինձ հետ համեմատել, ես չեմ ուզենա որևէ մարդու մեջ տարօրինակություններ տեսնել, բայց դա արդյոք տարօրինակ չէ բոլորիս համար’’,-նշեց նա
Հայրիկյանն ասաց նաեւ, որ Սեդրակյանը քաղաքական գործիչ չէ.’’Էդ ինչ մարդ է, որ քարոզարշավի է մասնակցում ու խոսում է ավտոմեքենաների մասին: Նա քաղաքական գործիչ չէ, էպոսագետ է, ասածները էպոսագիտական շարժառիթ կունենան:’’