Եղունգների տակ սպանված կնոջ հագուստի մանրաթելերն են եղել
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց թոշակառու Ռոզա տատին սպանելու մեջ մեղադրվող Հ. Հարությունյանի քրեական գործով վկաների հարցաքննությունը: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 16.06.2012թ. ժամը 21:00-ի սահմաններում գնացել է Լալայան փողոցի 123/050 տնակ, որտեղ նույն տնակի բնակչուհի Ռ. Խաչատրյանի հետ վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով տասը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի հատվածում և դիմել է փախուստի: Ռ. Խաչատրյանը հարևանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ընդունարանում մահացել է:
Դատարան դատակոչված վկաները նույն թաղամասի բնակիչներ էին, ովքեր տեղեկություն էին հայտնում սույն քրեական գործի հանգամանքների վերաբերյալ: Դատավարության կողմերի միջնորդությամբ դատարանը որոշեց դադարեցնել վկաների հարցաքննությունը և փոխարենը առաջարկեց հրապարակել դատակոչված վկաների նախաքննական ցուցմունքները:
Մասնավորապես, ուշադրության ենթակա է դատաքիմիական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Հ. Հարությունյանի թե հագուստի վրա, և թե եղունգների տակ առկա է եղել տուժողի հագուստի մանրաթելերը: Դատարանում սույն գործի առնչությամբ կատարված մի շարք փորձաքննությունների եզրակացությունների ընթերցումից անհերքելիորեն պարզ դարձավ, որ ամբաստանյալ Հ. Հարությունյանն է սպանել տուժողին, չնայած որ վերջինս ևս խոտովանել և չէր հերքում այդ փաստը:
Դատարանը հրապարակեց նաև ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացությունները: Մասնավորապես այն մասին, որ վերջինս մոտ առկա է մտավոր հետամնացություն և աֆեկտիվ անկայունություն, սակայն իրեն մեղսագրվող արարքում ճանաչվել է մեղսունակ, այսինքն` գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթն ու աստիճանը, նախատեսել է դրա վտանգավոր հետևանքները:
Ապացույցները հետազոտելուց հետո դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլ, սակայն մեղադրողը և ամբաստանյալի պաշտպանը դատարանից ժամանակ խնդրեցին, որպեսզի նախապատրաստվեն ճառին:
Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդը քաղհայցի հիմքով դիմում ներկայացրեց դատարանին` պահանջելով ամբաստանյալից հօգուտ վերջինիս բռնագանձել 1,700.000 ՀՀ դրամ` որպես հուղարկավորության, արարողությունների և գերեզմանի կառուցապատման գումար:
Սակայն դատարանը մերժեց այն, քանի որ դիմումը ներկայացվել էր ոչ պատշաճ: Դատարանը բացատրեց տուժողի իրավահաջորդին, որ վերջինս չի կորցնում իր քաղհայցով ներկայանալու իրավունքը, վերապահելով այն ներկայացնել քաղաքացիաիրավական հիմունքներով:
Դատական նիստն հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը 12:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net