Մարտի 1-ին հայ արիները փառաբանելու են Հայր Արային
Հայ-արիական միաբանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’ Առաջին անգամ է, որ մերօրյա հայ արիադավան-հեթանոս համայնքում մարտի 1-ին կնշվի Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը: Հայր Արան հայ տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է:
Երկրում, նաեւ Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, ով իր աստվածային գործառույթով երկնի ու երկրի հայկական աշխարհների գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին եւ Հայ Արիներին պարգեւում է բնության վերազարթոնքը:
Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան իր արարչակերտ զորությամբ ապահովում է գարնան գալուստը, ինչն էլ բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի կողմից արարված հզորագույն Աստված, ով տիեզերքի արարումից ի վեր արարչաստեղծ հայ տեսակի Աստվածահայրն է եւ հայ գենի մարմնացումը…
Ծիսակարգը կկատարվի մարտի 1-ին, ժամը 13:00-ին, Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ հայ գենի արարման համար, նաեւ հայ աստվածներին եւ հոգիներին՝ հայության նպատակները հայ մարդկանց հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար…Հայ աստվածներն այլեւս Հայաստանում են, եւ հայոց հողահավաքն ու ազգահավաքը ընթացքի մեջ է’: