ՀՀ նախագահը շնորհավորել է ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամին 20-ամյակի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասված է.
‘1992 թվականի մարտի 3-ին, մեր անկախ պետականության կազմավորմանը զուգընթաց, հիմնվեց համահայկական մի կառույց, որն արդեն երկու տասնամյակ, համախմբելով համայն հայության ներուժը, եզակի առաքելություն է իրականացնում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում՝ կառուցելով եւ նորոգելով հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ճանապարհներ, գազատարներ ու ջրատարներ, արդիական հիվանդանոցներ, կրթօջախներ ու մշակութային հաստատություններ:
Այս փառավոր ճանապարհը հիմնադրամն անցել է ձեռք ձեռքի տված` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող իր բազմահազար նվիրատուների հետ, որոնց անկոտրում կամքի ու անմնացորդ նվիրումի արդյունքում կյանք են առել մեր հայրենիքի համար կարեւորագույն նշանակության ենթակառուցվածքներ:
Այս հոբելյանը խորհրդանշում է 20 տարիների մեր միասնական ձեռքբերումները, մեծ ու փոքր հաղթանակները, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարօրությանն ու մեր երկրի առաջընթացին:
Այս պայծառ հոբելյանի առթիվ ջերմագին շնորհավորանքներ եմ հղում աշխարհասփյուռ հայությանը եւ մաղթում, որ իրականանա շեն ու զորավոր հայրենիքում ապրելու բոլորիս երազանքը’:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից