Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ՏՄՊՊՀ նախագահի հետ
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ Նախագահ Արտակ Շաբոյանի հետ, հաղորդում է ՏՄՊՊՀ պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակացային իրավիճակի եւ ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ օրս հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2012-ի առաջնահերթությունները:
Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի դեսպան, գլոբալիզացիայի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի քաղաքականության հանձնաժողովի անդամ Ստեֆան Աուերը նշել է, որ տնտեսվարողների մոտ լիարժեք ստուգումներ անցկացնելու իրավասությունը կնպաստեր Հանձնաժողովի արդյունավետության բարձրացմանը: Նա ընդգծել է, որ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ ողջ Եվրամիության մակարդակով այն շատ կարեւոր գործիք է, քանի որ մեծացնում է հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացքում փաստերի հավաքագրումը:
Աուերը հավելել է նաեւ, որ Հանձնաժողովի խիստ դիրքորոշումը շատ կարեւոր է, քանի որ այն կանխարգելիչ նշանակություն ունի: