“Հանրապետական”-ի ընտրազանգվածն ամենակայունն է. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀԿ համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքները: Նրա խոսքով, սկզբունքը մեկն է` կա նախընտրական ծրագիր, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացվում է: Շարմազանովի խոսքով` անցնող 5 տարիներին ՀՀԿ-ն ամրապնդել է պետության հիմքերը, իսկ առաջիկա 5տարիների բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացուն:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ ցուցակում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այս բարեփոխումները: Մենք հնարավորություն ունենք հավաքել շատ լուրջ քվե եւ կազմել մեծամասնություն: “Բոլոր այն պատգամավորները, ովքեր ընդգրկված են համամասնական ցուցակում լավ աշխատանքի դեպքում հնարավորություն ունեն շարունակել աշխատանքը խորհրդարանում”,-նշեց նա:
Շարմազանովն անդրադարձավ “Հայաստանի եվրոպական բարեկամներ” կազմակերպության ներկայացրած վարկանիշային տվյալներին:
Ըստ այդմ, եթե այսօր լինեն նախագահական ընտրություններ ժողովրդի 33 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին, այն պարագայում որ ընտրաշավ եւ քարոզչություն չկա եւ նախագահական ընտրությունները մեկ տարի անց են:
Շարմազանովը շեշտեց, որ նախագահի վարկանիշն այս տարիներին բարձրացել է, ինչի մասին վկայում է ուսումնասիրությունը: 2007-թ. թվականի համեմատ աճել է նաեւ ՀՀԿ-ի վարկանիշը:
Դիտարկմանը, թե նույն ուսումնասիրության արդյունքում առաջատարը ԲՀԿ-ն է, Շարմազանովը շեշտեց, որ Հանրապետականի ընտրազանգվածն ամենակայունն է եւ ընտրապայքարի ընթացքում նրա ձայներն ավելանում են, ինչի մասին վկայում է նաեւ 2007 թվականի քարոզարշավը:
Զուգահեռներ անցկացնելով նաեւ 2007 թվականի ընտրական կամպանիայի հետ, Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընտրությունների ֆավորիտը լինելու բոլոր հնարավորություններն ունի:
“ՀՀԿ-ն այն քաղաքկան ուժն է որը չի ասում` ես ամեն ինչ գիտեմ, ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է որը չի գնում լճացման ճանապարհով եւ գնում է փոփոխությունների, որոնց հնարավորությունը հասարակությունը կապում է հենց ՀՀԿ-ի հետ”,-ընդգծեց Շարմազանովը: