05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական հայտ է ներկայացնում. “Նոր ուխտ Հայաստանի”

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ “Ժառանգություն” կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հավաքը: Henaran.am-ին տեղեկացնում են “Ժառանգության ” մամլո ծառայությունից:

Որպես մեկ միասնության ներկայացուցիչներ` մասնակիցները ստորագրեցին “Ուխտ Նոր Հայաստանի” վերնագրված հռչակագիր:

Այս փաստաթղթով հավաքվածները իրենց դավանած գերագույն արժեքներ հռչակեցին քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: “Այդ արժեքների հաստատման եւ ամրապնդման նպատակով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու նոր իշխանություն` նոր կառավարությամբ”, – ասված է փաստաթղթում:

Ներկայացնում ենք հռչակագիրը ստորեւ.

“Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքական երկու կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար եւ մեզ հռչակում ենք միացյալ մեկ ամբողջություն, որտեղ հարգվում է անհատի մտքի ու արտահայտման ազատությունը եւ ապահովված է գաղափարների ու քաղաքական տարբերակների բաց, անկաշկանդ մրցակցություն:

Մեր դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու ենք նոր իշխանություն` նոր կառավարությամբ:

Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն: Մեր նպատակներն իրագործելու ճանապարհին բոլոր համախոհ անդամներով ստանձնում ենք անհատական պատասխանատվություն եւ հավաքական հանձնառություն քաղաքական վճիռների կենսակոչման համար: Մենք միատեղ ուխտ ենք անում անշահախնդիր եւ անմնացորդ հանրային ծառայության:

Մենք ազատ մրցակցային տնտեսության եւ սոցիալական շուկայի կողմնակիցներ ենք, իսկ քաղաքական ոլորտում նախապատվությունը տալիս ենք խորհրդարանական կառավարման տիպօրինակին:

Մենք ընդունում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն պատմական արդարության, միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ճանաչման եւ հատուցման հիման վրա: Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը նույնպես պետք է սեղանին դնի իր նախապայմանները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի խնդիրը պետք է լուծվի նրա ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչման եղանակով: ԼՂՀ-ը նաեւ պետք է ինքնուրույն սերտաճի միջազգային եւ հատկապես` եվրոպական կառույցներում:

Ընդունելով հանդերձ Ռուսաստանի հետ իրավահավասար ռազմավարական եւ ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին քաղաքական ուղենիշ մենք համարում ենք հարաճուն ինտեգրումը եվրոպական հանրակարգերին` Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալու հեռանկարով”:

Հանո՛ւն քաղաքացու, հանո՛ւն ազատության, հանո՛ւն Հայաստանի Հանրապետության

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ