16 տարի է հարկատուների հաշվին խոսելու համար գումար եմ ստանում. Վարդան Այվազյան
“Քանի որ ես ԱԺ պատգամավոր եմ մեր հարկատուների հաշվին արդեն 16 տարի է խոսելու համար գումար եմ ստանում”,-այսօր “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ ասուլիսն այս նախաբանով սկսեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, երբ բանախոսները որոշում էին , թե ով պետք է առաջինն իր տեսակետները ներկայացնի:
Արդեն անցնելով քաղաքական դիտարկումներին, Վարդան Այվազյանն ասաց. “ՀՀԿ-ն իր տնտեսական եւ քաղաքական ծրագրերն ի ցույց դնելով, նորմալ գնում է ընտրություններին եւ մեզ համար առջնահերթ խնդիրը թափանցիկ ընտրությունների անցկացումն է: Մենք ոմանց պես չենք հրաժարվում ոչ մեր կատարած դրական քայլերից, ոչ էլ բացթողումներից: ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը համոզմունք հայնտնեց, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում իր կշռով եւ թվաքանակով առաջինն է լինելու: ՀՀԿ-ն ցանկանում է պահպանել եւ ավելացնել այն դիրքը, որ ունի խորհրդարանում:
Անուշ Սեդրակյանը նշեց, թե հասկացավ, որ պարոն Այվազյանն իսկապես հարկատուների հաշվին փող է ստանում խոսելով: Սեդրակյանը նշեց.”Տարիներ շարունակ ՀՀԿ-ն տիրապետել է քաղաքական ու տնտեսական ռեսուրսների”, նկատեց, որ ՀՀԿ-ի քաղաքականության արդյունքներն իր համոզմամբ` ՀՀ համար արդյունավետ չեն եղել:
Անուշ Սեդրակյանը խոսեց սոցիալ-տնտեսական վիճակից, աճող արտագաղթի ծավալներից : Անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին` “հավատանք, որ փոխենք”, Անուշ Սեդրակյանը ասաց, որ բառերի տեղերը կփոխեր:
ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ, “Ազատ դեմոկրատը” ասաց, որ այստեղ տեղ է գտել “նորը դա լավ մոռացված հինն է” սկզբունքը: “Շատ գործիչներ կային, որ ընդհատակում էին հայտնվել, բայց այսօր հայտնվել են ՀՀԿ ցուցակում”,-ասաց տիկին Սեդրակյանն ու հավելեց, որ իհարկե, ՀՀԿ-ն կարող էր ունենալ գլոբալ տրանսֆորմացիա, բայց դա տեղի չունեցավ:
Ընդդիմախոսի դիտարկումներին հակադարձելուց առաջ Վարդան Այվազյանը նախ ասաց.”Ես որ փողը ստանում եմ , հաշվետու եմ, բայց դա թողնենք … ”: