Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ. ԱՄՆ դեսպանատուն
“2012թ. ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում” թեմայով այսօր Կոնգրես հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար երկօրյա սեմինար-քննարկում է կազմակերպվել “Իրավունքի Եվրոպա” միավորում ՀԿ-ի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը բացման խոսքում նշեց, որ ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: “Զուտ իրավական համակարգը չի երաշխավորել հավասարակշռված եւ արժանահավատ լուսաբանում”,-նշեց նա ու հավելեց, որ խոսքի ազատության իրացումը պետք է զուգորդվի օբյեկտիվ լուսաբանման հետ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւս կարեւորեց ընտրությունների լուսաբանումը քաղաքական կառույցների ու քաղաքացիների, ինչպես նաեւ միջազգային հանրության համար: Նա շեշտեց մանրակրկիտ, ստուգված եւ անկողմնակալ լուսաբանման անհրաժեշտությունը` ընտրությունների ընթացքում հնարավոր բախումնային իրավիճակներում: ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը նշեց, որ մի շարք ծրագրերի իրականացման միջոցով աջակցել են Հայաստանին ժողովրդավարության հաստատման համար:
Նրա խոսքով, ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը կարեւոր է Հայաստանի համար այն իմաստով, որ վստահություն կայանա նաեւ երկրի ներսում: Քրիստոֆեր Անդերսենը նաեւ նշեց, որ ազատ եւ արդար ընտրությունները ԱՄՆ համար կարեւոր են այն իմաստով, որ ՀՀ –ն ամրապնդի իր դիրքերը միջազգային հանրությունում: “Խոսքերը հեշտ է ասել, ժողովրդավարություն կայացնելը` ավելի երկարատեւ ու բարդ գործընթաց է:
Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընթրություններ` համապատասխանեն ոչ միայն տառին, այլեւ ոգուն”,-նշեց նա եւ հավելեց, որ ԸՕ-ը չի կարող ապահովել ազատ ընտրություններ առանց քաղաքական կամքի: Քրիստոֆեր Անդերսենը հավելեց, որ միայն կառավարությունը չէ, որ պետք է ապահովի ազատ եւ արդար ընտրություններ, դա նաեւ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության խնդիրն է` պահանջել հաշվետվողականություն կառավարությունից:
“Մենք այս գործում չեզոք ենք, երկիրն ու ժողովուրդը պետք է պահանջի հաշվետվողականություն իր սեփական կառավարությունից”: