ՀԱԿ-ը բանակցում է իշխանության հետ. “Ժառանգություն”
ՀԱԿ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով ՛՛Ժառանգություն՛՛-՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ միությունը եւԿոնգրեսը ընդհանուր հայտարարի չեկան ընտրատարածքներում` ընդդիմության մեկ միասնական թեկնածու ունենալու կապակցությամբ:
Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՛՛Ազատ դեմոկրատականներ՛՛ Ալիկ Արզումանյանը եւ Կարապետ Ռուբինյանը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության մեկ թեկնածու ունենալու նախաձեռնությունն ու առաջարկը եղել է հենց ՛՛Ժառանգության՛՛ կողմից՝ դեռ մարտի 13-ին, սակայն ՀԱԿ-ը ձգձգել է, եւ երբ փորձել են կրկին բանակցել այն հարցի շուրջ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է թեկնածությունը առանց նախապայմանի, “ՀԱԿ-ը ոչինչ չի առաջարկել ՛՛Ժառանգության՛՛ թեկնածուների հետ կապված՝ անտրամաբանորեն առաջադրելով թեկնածուներ բոլոր 41 ընտրատարածքներում”:
՛՛ՀԱԿ-ը մերժեց մեր առաջարկը՝ 5 ընտրատարածքում պաշտպանել մեր թեկնածուներին: Մերժեց՝ ոչինչ չառաջարկելով, այդժամ մենք հասկացանք, որ նրանք պատրաստ էլ չեն բանակցությունների կամ համագործակցության: ՀԱԿ-ի կողմից ներկայացվեց, թե իբր մենք ենք անհավասար պայմաններ առաջարկել՛՛,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հետո, ըստ ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահի, իրենք հասկացան, որ “ՀԱԿ-ը բանակցություններ վարում է, բայց ոչ թե ընդդիմության հետ, այլ իշխանությունների հետ”:
Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` իշխանափոխությունը աբստրակտ հասկացություն չէ, եւ դրա համար պետք են կոնկրետ քայլեր, ինչը ՀԱԿ-ը չի անում:
՛՛Եթե օրվա կեսը անընդհատ կարելի է ասել իշխանափոխության մասին, իսկ օրվա հաջորդ կեսը բանակցել իշխանության հետ, ապա ես կասկածում եմ, որ նրանք իսկապես իշխանափոխություն են ուզում՛՛,- կարծիք հայտնեց Ռ.Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ՛՛Ժառանգությունը՛՛ անցյալում էլի հարվածներ է ստացել ՀԱԿ-ի կողմից, սակայն նրանք հավատացել են ՀԱԿ-ի նպատակներին եւ փորձել են կրկին համագործակցել:
՛՛Հիմա էլ առաջարկում եմ ՀԱԿ-ին, եթե ձեր ցանկությունը իշխանափոխությունն է, ապա ինչու մենք չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ, կարծում եմ` էլի ուշ չէ համագործակցել եւ ունենալ մեկ միասնական թեկնածու ընտրատարածքներում՛՛,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը:
Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բարի կամք դրսեւորեց ու հանեց իր թեկնածությունը, սակայն հասարակությանը մատուցվեց որ ՛՛Ժառանգությունը՛՛ վատն է:
՛՛Այդ դեպքում ինչու ՀԱԿ-ընույն ձեւով բարի կամք չդրսեւորեց:Արամ Մանուկյանը Լոռվա մարզում իր բազմաթիվ բարեկամներին համակիրներին թողել Արանկիրում է առաջադրվել, Դե եթե նա հանի իր թեկնածությունը՝ դա կլինի բարի կամքի դրսեւորում՛՛,- եզրափակեց Ռուբինյանը:
Հիշեցնենք, “Ժառանգությունից” Արամ Մանուկյանի հետ առաջադրվել է Զարուհի Փոստանջյանը: