Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012թ. գարնանային զորակոչ անցկացնելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաեւ մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին եւ մինչեւ 2012 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Հանրապետության նախագահի նույն հրամանագրով որոշվել է նաեւ 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին եւ հանձնարարվել է ՀՀ կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից