Մարտունիում լրագրողներին սուրճ խմելիս շտապեցրին. Սերժ Սարգսյանն էր գալիս /ֆոտո/
Չնայած Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը անցյալ շաբաթ Մարտունիում կոչ էր արել բոյկոտել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այցը, այնուամենայնիվ Մարտունիի հրապարակը բազմամարդ է: Նույնիսկ սրճարանում սուրճ խմող լրագրողներին խնդրեցին 5 րոպեում խմել սուրճը, քանի որ պիտի մասնակցեին Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Դիմելով մարտունեցիներին, Սերժ Սարգսյանն ասաց, որ յուրաքանչյուրս մի պետություն ենք եւ պետությունը մեր սեփականությունն է: ՀՀԿ նախագահի խոսքով` ոչ մեկը չի փչացնի իր սեփականությունը եւ ուրեմն պետք է պետությունը փայփայենք:
Նրա խոսքով` մարտունեցիները եւ ընդհանրապես մեր ազգը անցել են շատ փորձություններ , “սակայն կա մի բան, որի առաջ աչք փակել չենք կարող: Դա անարդարությունն է: Այսուհետ հանրապետականն էլի է նպաստելու արդարության կայացմանը եւ սա կուսակցության ծրագրում առանձին բաժին է”:
Սերժ Սարգսյանն իր խոսքի վերջում խնդրեց հավատալ Հանրապետականին, քանի որ նրանք նոր չեն քաղաքական ասպարեզում, եւ հասարակությունը ծանոթ է կուսակցության աշխատանքին: ՀՀԿ առաջնորդի խոսքով` այդ հավատը կբերի փոփոխությունների, որոնք որակապես նորը կլինեն:
Ի դեպ, մինչ Մարտունիում նախընտրական հանդիպումը ՀՀԿ առաջնորդը Վարդենիսում խոսելով ազգապահպանության անհրաժեշտության մասին` երիտասարդներին կոչ արեց ամուսնանալ եւ Պ. Սեւակի խոսքերով ասած` “շատանալ“:
ՀՀԿ առաջնորդի քարոզարշավը Գեղարքունիքի մարզում շարունակվում է: