ՀՀԿ-ն սատարում է Գագիկ Ծառուկյանին
Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին կանգառը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն էր, որտեղ հավաքված բազմությունը նրան աղուհացով դիմավորեց` քաղաքապետ Կարո Գուլոյանի գլխավորությամբ:
Աբովյանցիներին դիմելիս Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, որ քարոզարշավի ավարտին էլ ակտիվություն են ցուցաբերում, նշեց, որ չնայած արդեն յուրաքանչյուր մարդ գիտի` ում է ընտրելու, այսուհանդերձ կարեւոր է քաղաքական ուժերի ծրագրերի ներկայացումը: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, ունի կայուն արժեհամակարգ եւ առաջին տեղում ՀՀԿ-ի համար մարդու անվտանգությունն է. “Մարդը պետք է պաշտպանված եւ ապահով լինի` թե տանը, թե փողոցում, թե աշխատանքում”,- շեշտեց նախագահը եւ հավելեց, որ իշխանությունն այսօր ապահովում է դա` իրականացնելով բարեփոխումներ դատաիրավական համակարգում:
ՀՀԿ առաջնորդը կարեւորեց բարեփոխումները` փողոցներում տեղադրված տեսախցիկներից մինչեւ կադաստրի համակարգ: Նա շեշտեց, որ այդ բոլոր ոլորտներում աշխատելաոճ է փոխվում եւ արմատապես կրճատվում են բյուրոկրատական քաշքշուկները: Նախագահը խոսեց քաղաքացու անհատական ազատություններից եւ նշեց, որ ամեն ինչ արվում է` ապահովելու համար ազատ եւ արդար ընտրությունները:
Այնուհետ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Ազգային անվտանգության խնդիրներին, շեշտեց, որ ՀՀ-ի անկախացումից ի վեր դրանք կանգնել են Հայաստանի եւ Արցախի առջեւ, միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ կտրուկ հզորացել է պետության պաշտպանական ներուժը:
“Մենք շարունակում ենք խաղաղություն պարտադրել: Սա է այն մեծագույն արդյունքը, որը մենք ունենք”,-ընդգծեց Սերժ Սարգսյանն ու հավելեց, որ այդ ուղղությամբ պետության զգոնությունն ու գիտակցությունը ոչ մի վայրկյան չի թուլացվում: Սերժ Սարգսյանը կոչ արեց կոտայքցիներին մայիսի 6-ին ընտրություն կատարելիս լինել ավելի քան լուրջ: Եվ իրենց քվեն տալ այն քաղաքական ուժին, որը կարող է ապահովել քաղաքացու իրավունքներն ու անվտանգությունը:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ հավատում է, որ “միասին մեծ քայլերով շարունակելու ենք առաջ շարժվել, բարձրացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, հնարավորություն ստեղծել արժանապատիվ աշխատանքի համար եւ ստեղծել պայմաններ, որ երկրից հեռացած քաղաքացիները ետ վերադառնան: Սերժ Սարգսյանը նշեց, որ այս ամենը կարող է ապահովել ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունը: Այդ իշխանությունը կարող է լինել ավելի համարձակ եւ իրականացնել բարեփոխումներ:
Սերժ Սարգսյանը Կոտայքում հորդորեց աբովյանցիներն չավելացնել թշնամանքը եւ լինել միասնական. “Հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է լինելու, որ շատ քաղաքաքացիներ իրենց դիրքորոշումն ունեն, բայց կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, որ ձեր քվեն ձեր դուրը գա”,- նշեց Սերժ Սարգսյանը եւ հավելեց, որ Հանարապետականն ունի աշխատանքի մեծ փորձ, եւ այդ փորձը հնարավորություն է տալու գալիք 5 տարիներին ավելի լավ աշխատել:
Կոչ անելով քվեարակել Հանրապետականի օգտին` Սերժ Սարգսյանը նաեւ հորոդորեց աբովյանցիներին իրենց քվեն տալ Կոտայքի մարզում ՀՀԿ թեկնածու Համլետ Հանրապետյանին, միեւնույն ժամանակ ՀՀԿ նախագահը նշեց, որ այն ընտրատարածքներում, որտեղ ՀՀԿ-ն չի առաջադրել իր թեկնածուին, պաշտպանում է կոալիցիոն գործընկերոջ առաջադրած թեկնածուին .” Այստեղ բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը”,-նշեց ՀՀԿ առաջնորդը:
Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Բյուրեղավան քաղաքն էր: