Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին, ընդունել է 2012-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք կիրականացնեն:
“Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն` ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի դրանց արդյունքները վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին: Մեզ համար դա շատ կարեւոր է”,-ասել է Սերժ Սարգսյանը:
Դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում գտնվող ԱՊՀ 173 դիտորդները, ովքեր աշխարհագրական տեսանկյունից ներառում են Համագործակցության անդամ գրեթե բոլոր երկրները, մեծ կարեւորություն են տալիս ս.թ. մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ինչը, նրա համոզմամբ, Հայաստանի եւ նրա նախագահի քաղաքականության նկատմամբ մեծ հարգանքի վկայությունն է:
Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ի աշխատանքը, նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը լուրջ եւ կարեւոր բարեփոխումների է ենթարկվել, նախընտրական քարոզչության իրենց մոնիթորինգի արդյունքներով մինչ այժմ արձանագրվել է հանգիստ, հավասարակշռված ընթացք, ԶԼՄ-երի աշխատանքը եւս այդ առումով դրական է համարել: