ՕԵԿ-ի քվեները ջիգյարով քվեներ են. Արթուր Բաղդասարյանը հորդորեց պահել դրանք
ՕԵԿ հանրահավաքին կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարթակ բարձրացավ` անցնելով ՕԵԿ-ական երիտասարդնրի կազմած շարքերի միջով, որոնք կրում էին սպիտակ վերնաշապիկներ` ՕԵԿ գրառումներով. “Եղանակը մեր դաշնակիցն է: Սաղ օրը ահավոր անձրեւ եկավ, 5.15 դադարեց,“-հավաքվածներին այսպես ողջունեց Արթուր Բաղդասարյանը:
Նա հայտարարեց, որ վերջին 6 ամսվա ընթացքում 3 անգամ պտտվել է Հայաստանով մեկ եւ այդ ընթացքում է ծնվել ՕԵԿ նախընտրական ծրագիրը: Նա հորդորեց համակիրներին վաղը եւ հաջորդ օրը լավ աշխատել, որպեսզի ապահովվի ՕԵԿ հաղթանակը, ինչը, նրա խոսքով, նշանակում է ավանդների վերադարձ, անվճար բարձրագույն, միջին եւ մասնագիտական տեղերի ավելացում, “ուսման վարձ” կոչվող լծից ազատում, “տան վարձ” կոչվող լծից ազատում, պայմանագրային զինծառայության ծավալների մեծացում, ուղղիչ աշխատաքային գաղութներում գտնվող մարդկանց պայմանների բարելավում:
Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօր 2 Հայաստան կա` Երեւանը եւ մարզերը, ու շարունակեց, որ ՕԵԿ հաղթանակը նշանակում է մարզերի համաչափ զարգացում, եւ պետական աջակցություն սահմանամերձ բնակավայրերին. “Այսօր գործազրկությունը գրոհել է մարդկանց վրա: Մենք առաջարկում ենք, որ պետությունը գրոհի գործազրկության վրա”:
ՕԵԿ առաջնորդը խոստացավ նաեւ նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացում: Արթուր Բաղդասարյանի ելույթը մերթընդմերթ ընդմիջվում էր “հաղթանակ, հաղթանակ” բացականչություններով: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը Հայաստանի ամենաազնիվ քաղաքական ուժն է, իր հետ բերելու է բազմաթիվ “լուսավոր” բարեփոխումներ: Այնուհետ ՕԵԿ առաջնորդը հերթով թվարկեց ՕԵԿ մեծամասնականի թեկնածուների անունները եւ հայտարարեց, որ նրանք հաղթելու են: Արթուր Բաղդասարյանը հորդորեց բոլորին ակտիվ լինել, մասնակցել հանձնաժողովների նիստերին:
“Պետք է աշխատենք հանձնաժողովներում պահպանենք ՕԵԿ-ի քվեները: Դրանք չափազանց շատ են: Դա ցույց են տալիս մեր հանդիպումները: ՕԵԿ-ի քվեները ջիգյարով քվեներ են: Այդ քվեների թիկունքում հայ ժողովուրդն է կանգնած,”- իր ելույթն այսպես եզրափակեց ՕԵԿ նախագահն ու հայտարարեց, որ անձրեւը սկսեց գալ, բայց դա արդեն լավ նշան է, որովհետեւ քարոզարշավն ավարտվեց: Արթուր Բաղդասարյանը մաղթեց, որ անձրեւն իր հետ հաջողություն, բերք ու բարիք բերի: