Երկուսով քվեախցիկ էին մտել` Բարգավաճ … Henaran.am-ի թղթակիցը տարօրինակ մեկնաբանություններ է լսել /վիդեո/
Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ով շրջում է մայրաքաղաքի տարբեր տեղամասերով, Արաբկիր համայնքի թիվ 4/15 տեղամասային կենտրոնում, որը տեղակայված է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, ընտրողների հերթեր են կուտակվել տեղամասից դուրս: Այս տեղամասում գրանցվել է 1967 ընտրող` ավելացրած 6-ը` լրացուցիչ ցուցակով:
Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է քվեախցիկում 2 անձի ներկայություն եւ լսել է, թե ինչպես է քվեարկող քաղաքացուն “աջակցող” կինը հնչեցնում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անունը:
Հանձնաժողովի անդամները այդ փաստին որեւէ ուշադրություն չեն դարձրել եւ միայն մեր թղթակցի դիտարկումից հետո հանձնաժողովի նախագահը մոտեցել եւ հետաքրքրվել է` ինչու են քվեախցիկում 2 հոգի:
Հանձնաժողովի անդամներն ասել են, թե ընտրողն օգնության կարիք ունի: Ի դեպ, ընտրողը քվեարկությանը մանակցում էր 9-րդ ձեւով: Մի դիտարկում էլ, դիտորդները ակտիվորեն միջամտում էին մեր աշխատանքին, փորձելով արդարացնել արձանագրված փաստը: Քվեարկությունից հետո մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյոք նա տեսողության կամ տեղաշարժման խնդիր ուներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել եւ ասել , որ ինքն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին եւ իրեն պարզապես հուշել են` ինչպես պետք է քվեարկի:
Փաստաբան Լիդա Հակոբյանն այս փաստը համարում է ընտրական իրավունքի կոպիտ խախտում: Փաստաբանի խոսքով` եթե անգամ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող քաղաքացին օգնության կարիք ունի, նա պարտավոր է դիմել հանձնաժողվի նախագահին: Օգնության կարիք ունեցող քաղաքացուն կարող է աջակցել կողմնակի անձը, որը սակայն քվեաթերթիկը լրացնելու պահին չի կարող գտնվել քվեախցում:
Փաստաբանը նշեց, որ օրենքը պահանջում է նաեւ, որ քաղաքացուն օգնություն ցուցաբերած անձի տվյալները գրանցվեն գրանցամատյանում, ինչը չի արվել: Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Սերոբ Ստեփանյանը իրավիճակը մեկնաբանել է հետեւյալ կերպ, որ ինքը զբաղված է եղել եւ տեղյակ չի եղել, որ քաղաքացիները 2-ով են մտել քվեախցիկ: Իսկ թե ինչու չի փաստը գրանցվել գրանցամատյանում, Սերոբ Ստեփանյանը պարզաբանել է. “Քաղաքացին տեսողության խնդիր ուներ, եւ տվյալ օգնող մարդը դուրս եկավ, եւ մենք չհասցրեցինք գրանցել:
Նկատենք, որ քաղաքացին մեզ ասել էր , որ տեսողության խնդիր չունի: Ի դեպ, այս տեղամասում կուտակումներ էին առաջացել եւ սա միակ դեպքը չէր , երբ քաղաքացիները աջակցության կարիք էին խնդրում:
Տեսանյութը` ավելի ուշ:
Հեղինակ Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններ 2012 Իրավական նախաձեռնություն