15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջինը լռությունը խախտեց ‘Ժառանգությունը’

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների  նախնական գնահատականի վերաբերյալ: Մասնավորապես.

‘Ժառանգություն’  կուսակցության նախընտրական շտաբն արձանագրում է, որ ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:Այսպես` ընտրակաշառքների եւ կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:

Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Հայաստանի որոշ համայնքներում եւ անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպեսեւ որոշ մարզպետների կողմից:

Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան տների եւ բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում Երեւանի ընտրատարածքներում  մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության եւ փիլիսոփայության համատարած ոտնահարում էր:

Հիմնավոր կասկածներ կան, որ ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական եւ «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք` նույն ընտրախախտման ապահովման էր միտված ընդամենը 1-2 ժամ տեւած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ նույն օրը` մայիսի 6-ին, ‘Ժառանգության’ նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Մենք նաեւ մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ:

Ու թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպեսեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը:

Ընտրական հանձնաժողովներում ‘Ժառանգության’ ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսեւ ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը եւ թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգության’ լրատվական ծառայությունից

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ