Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպումը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը:
ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը ու կպահպանվեն բարեկամական կապերը, առավել ևս որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ դաշնակցային հարաբերություններ են:
Դմիտրի Մեդվեդևը նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունն ստացած նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
ՌԴ կառավարության նախագահը ցանկացել է, որպեսզի դա անհրաժեշտ նախադրյալ լինի Հայաստանի Հանրապետության առաջընթաց, արդյունավետ զարգացման և, իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:
Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, այդ բոլոր գործընթացներին ամեն կերպ կաջակցի: Հայաստանն ու Ռուսաստանը, ՌԴ կառավարության նախագահի խոսքով, մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:
Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից