Պետդեպի զեկույցն անդրադարձել է ՀՀ-ում մարդու իրավունքներին
2011-ին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենաամյա զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում` մարդու իրավունքների հետ կապված առաջնային խնդիրը խոսքի եւ մամուլի ազատության, կառավարությունը փոխելու իրավունքի եւ դատական անկախ իշխանության սահմանփակումն է:
Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներին` զեկույցը նշում է, որ դրանք եւ մասնավորպես` հեռուստաընկերությունները թերանում են քաղաքական տեսակետները օբյեկտիվորեն ներկայացնելու ոլորտում: Անդրադարձ կա նաեւ այն փաստին, որ 2011-ին ազատ են արձակվել 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ընթացքում ձերբակալված 6 ընդդիմադիր գործիչները, իսկ ապրիլի 28-ից սկսած կառավարությունը թույլատրել է ցույցերը եւ ընդդիմության երթերն արգելված վայրերում:
Զեկույցում նշված են նաեւ մի շարք այլ փաստեր, մասնավորապես` քաղաքացիներին ձերբակալությունների եւ հարցաքննությունների ժամանակ ծեծի ենթարկելը, իշխանությունների կողմից կրոնական ազատությունների սահմանափակումը, կաշառակերությունը, ընտանեկան բռնությունը, թրաֆիքինգը, սեռական փոքրամասնությունների` բանտային պաշտոնյաների եւ զինվորականների կողմից ճնշումների ենթարկվելը: