Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքները. ինչպե՞ս կանխարգելել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985000 սպառողի:
<< Հայաստանի էլեկտրական ցանցեր >> ՓԲ ընկերությունը հանդիսանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր ընկերություն: «ՀԷՑ» ՓԲԸ էլեկտրաէներգիան գնում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանից, ՋԷԿ-երից և ՀԷԿ-երից և այնուհետև իրականացնում է բաշխման աշխատանքները:
Վերջին տարիները ուղեկցվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ, իսկ այս տարի կրկին նախատեսվում են նման թանկացումներ: Սակայն այս հանգամանքը չէր կարող չբախվել հասարակության դժգոհություններին ու լուրջ քննարկման առիթ չհանդիսանալ:
Առհասարակ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կառաջացնի երկրի տնտեսությունում լուրջ փոփոխություներ, քանի որ էլեկտրաէներգիան հանդիսանում է արտադրության կազմակերպման կարևոր բաղկացուցիչ, ուստի վերջինիս թանկացումը առաջացնելու է արտադրական ծախսումների զգալի փոփոխություններ: Մի շարք արտադրատեսակների համար, որոնք ՀՀ արտաքին առևտրային կառուցվածքում զգալի տեսակարար կշիռ են կազմում, կձևավորվի առավել բարձր ինքնարժեք, իսկ վերջինիս ձևավորումը կհանգեցնի հայրենական արտադրատեսակի մրցունակության թուլացմանը համաշխարհային շուկայում:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ կառավարության արձագանքը երկար սպասեցնել չտվեց, և որպես հնարավոր լուծում` երկրում ստեղծված իրավիճակի, առաջարկվեց իրականացնել աուդիտ «ՀԷՑ»-ի գործունեությունը ստուգելու համար: Այսպիսով ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի հրապարակել աուդիտի ենթարկվող կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումների արդյունքները, ինչպես նաև կտրվի համապատասխան աուդիտորական եզրակցություն: Եթե կատարված աուդիտը հաստատի սակագնի բարձրացման օբյեկտիվությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ հասարակության կողմից ձևավորված կասկածների վերացման:
Ապագայում վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար կարևոր քայլերից մեկը կարող է լինել այլընտրանքային էլեկտրակայանների ընդլայնումը և զարգացումը: Նմանատիպ կայաններից կարելի է առանձնացնել հողմային էլեկտրակայանները: Պաշարաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում քամու էներգիայի օգտագործումն ունի մեծ հեռանկար և Հայաստանն ունի հողմաէնեգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվել է մոտ 1.26 մլրդ կվտ/ժ:
Արևային էներգիայի կիրառումը ևս նպաստավոր կարող է լինել նման իրավիճակի կարգվորման համար: Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կվտժ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12մ2 ստանդարտ չափերով: Ջրատաքացուցչի 2.75մ2 տարբերակը օրական արտադրում է 120-160լ տաք ջուր:
Այսպիսով վերը նշված կայանների ընդլայնումը և զարգացումը ենթադրում է երկարաժամկետ բնույթի ներդրումներ, որոնց իրականացումն էլ պահանջում է համապատասխան ֆինանսական աղբյուրների առկայություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀԷՑ» ՓԲԸ հանդիսանում է էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր ունեցող, այս ոլորտում բավական արդյունավետ քայլ կարող է հանդիսանալ մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
ԱննաՀովհաննիսյան