Բորդյուժայի ազդակն Ադրբեջանին /վիդեո/
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքներին է անդրադարձ եղել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ այսօր արած հայտարարությանը, թե ԼՂ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից՝ Շարմազանովն ասաց, որ սա առաջին հերթին ուղիղ ազդակ է Ադրբեջանին ՀԱՊԿ-ի կողմից: «Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, և սա ապացուցում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակիցն է, ու ՀՀ-ն կարող է ակնկալել իր գործընկեր երկրների, նախևառաջ Ռուսաստանի աջակցությունը»,-նշեց նա:
Հարցին, թե արդյոք պատերազմի վերսկսման հավանականություն կա, և դա է Բորդյուժայի հայտարարության պատճառը, Շարմազանովն ասաց, որ տեսականորեն քանի դեռ որևէ կոնֆլիկտի համար վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվել, այն ավարտված չի կարելի համարել: «Մենք միշտ էլ ասել ենք, որ ապրում ենք կիսապատերազմական վիճակում, մենք միշտ, գոնե տեսականորեն, պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-եզրափակեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: