Հայտարարություն զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու վերաբերյալ
2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել:
Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկին և պահանջել իր որդու առողջական վիճակի հետազոտման ակտի պատճենը, որին ի պատասխան, նրան հայտնել են, որ Ա. Բ-ի առողջական վիճակի հետազոտման փաստաթղթերը համարվում են «ռազմական գործ»:
Այսպիսով, վերստին արձանագրում ենք, որ պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների կողմից շարունակվում է խախտվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված անձի իրավունքը՝ համաձայն որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է դադարեցնել զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու արատավոր պրակտիկան: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/12-06-2015/ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ