Կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում անցկացվող օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում անցկացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Մայիսի 19-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էին մեկտեղվել հանրապետության մարզերի, ինչպես նաև Երևանի ու Արցախի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակում անցկացված օլիմպիադաների եզրափակիչ փուլ անցած սաներն ու նրանց զինղեկները:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի` մայիսի 19-ին տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնյաներ: Ողջունելով դպրոցականներին` ՊՆ Տ և ՀԿ վաչության պետ Վարդան Ավետիսյանը նկատեց, որ պաշտպանության և գիտության ու կրթության նախարարությունների համատեղ ջանքերով անցկացվող օլիմպիադան արդեն ավանդույթ դարձած իրողություն է, որը վկայում է երկու գերատեսչությունների կողմից հանրապետության բոլոր՝ 1430 դպրոցներում հավուր պատշաճի իրականացվող հայրենասիրական դաստիրակության մասին:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ մրցել են ռազմականացված էստաֆետ (արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, հրաձգություն) շարային պատրաստության անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի թեսթային նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով: Օլիմպիադայի մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, «Եռաբլուր» պանթեոն և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կազմակերպվել է նաև համերգ ՊՆ «Զորական» համույթի մասնակցությամբ:
Մայիսի 21-ին օլիմպիադայի փակման և արդյունքների ամփոփման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամկազմը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումները երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև պատասխանատու ու արժանավոր քաղաքացի կրթելու գործում:
Օլիմպիադայի արդյունքներով` թիմային ընդհանուր հաշվարկով Լոռիի և Տավուշի մարզերի թիմերն արժանացան մրցանակների` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետության թիմը, որը, ի դեպ, արդեն երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրամաններով պատվոգրերով, հուշանվերներով ու արժեքավոր նվերներով պարգևատրվել են մի շարք զինղեկներ և աշակերտներ, ովքեր օլիմպիադայի ընթացքում անհատական և թիմային հաշվարկով արձանագրել են բարձր արդյունքներ:
Օլիմպիադայի փակման արարողության ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես են եկել Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները և ռազմական ինստիտուտի կուրսանտները: