“Ժառանգություն”-ում դժգոհողներ կան. անակնկալ քննադատություն համագումարին
“Ժառանգության” համագումարի ընթացքում անակնկալ ձայնի իրավունք խնդրեց կուսակցության երիտթեւի անդամ Դանիել Իոաննիսյանը եւ հայտարարեց, որ ակնկալում էր, որ այս համագումարի ընթացքում կներկայացվեր “Ժառանգության” վարչության հաշվետվությունը, ինչը չիրականացվեց: Երիտասարդի խոսքով, ինքը պատրաստվում էր այդ հաշվետվությանը դեմ քվեարկել, նաեւ “Ժառանգության“` մարտի 2-ի համագումարին, սակայն այն չներկայացվեց: “Այս դեպքում այս մանդատը կորցնում է իր արժեքը”,-հայտարարեց նա եւ ցույց տվեց կուսակցության համագումարի մանդատը: Նշենք,որ Դանիել Իոաննիսյանի ելույթ ունենալու ցանկությունը անակնկալի բերեց համագումարը վարող “Ժառանգության” գործող վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին, թեեւ կուսակցականներից մեկը փորձեց կանխել ելույթը, Ռուբեն Հակոբյանն, այնդուհանդերձ, ձայն տվեց երիտասարդին, բայց, երբ երեիտասարդն իր խոսքում անդրադարձավ կուսակցության սխալներին, Ռուբեն Հակոբյանն էլ փորձեց կանխել այն` նշելով, որ համագումարի օրակարգում որեւէ քննարկման հարց նշված չէ եւ նշված է միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որն ընդունվում է ի գիտություն:
Դանիել Իոանիսյանը ելույթ ունեցավ եւ նշեց, որ “Ժառանգությունը” համամասնական ցուցակի կազմման հարցում սխալ է թույլ տվել, ինչն էլ արտացոլվել է ընտրությունների արդյունքներում: Նա ներկայացրեց “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում իր կատարած սոցիալական հարցման արդյունքները, թե հանրությունը ում կցանկանար տեսնել որպես պատգամավոր: Այդ ցանկի վերին հորիզոնականներում 4-րդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներն էին: “Այս ձայները շատ ուժեղ տարաձայնության մեջ են մեր համամասնական ցուցակի հետ”,-ընդգծեց նա:
Նկատենք, որ “Ժառանգության” պատգամավորները ամեն կերպ փորձում էին երիտասարդին նշմար անել, որ ավարտի իր ելույթը: Դանիել Իոաննիսյանը արդեն իր ելույթից հետո Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցում իր տեսակետները կիսում են “Ժառանգություն” կուսակցության անդամների մեծամասնությունը, սակայն հրապարակավ չեն արտահայտվում դրա մասին: Նա նաեւ նշեց, որ կուսակցության խորհուրդը եւ վարչությունը համամասնական ցուցակի հարցում հաշվի չեն նստել կուսակցության անդամների տեսակետների հետ:
‘Այն վարչությունը, որը երկու տարի աշխատեց, շատ վատ էր աշխատում, չէր կատարում իր պարտականությունները, օպերատիվ չէր, նույնիսկ գրավոր-պաշտոնական առաջարկություններն ուղղակի մնում էին անպատասխան’,-ասաց Դանիել Իոանիսյանը եւ հավելեց, որ վարչությունն անտեսել է լայն կուսակցական շերտերի կարծիքը:
Դանիել Իոաննիսյանը , պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե կարծում է արդյոք, որ “Ժառանգությունը” ընտրությունների ընթացքում ավելի քիչ տեղեր ստացավ այն պատճառով, որ միասնական ցուցակով հանդես եկավ “Ազատ դեմոկրատների” հետ, դրական պատասխան տվեց եւ նշեց, որ իր համոզմամբ` “Ժառանգության” օգտին ՀՀ քաղաքացիները քվեարկել են նրա “անբիծության” համար, նրա համար, որ “Ժառանգությունը” չի մասնակցել երկրի թալանին: “Թեեւ ես չեմ պնդում, որ “Ազատ դեմոկրատները” երեբեւէ թալանել են այս երկիրը, բայց ես պնդում եմ, որ “Ազատ դեմոկրատները” չունեն այդ անբիծության համբավը”,-ասաց երիտասարդը: Նա դրական համարեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանի եւ Արման Մուշեղյանի ընդգրկումը ցուցակում.”Իրենք, իհարկե, պետք է լինեին անցողիկ տեղերում, բայց “Ազատ դեմոկրատները”` ոչ”:
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց երիտասարդի ելույթին` նշելով, թե ողջունում է այն, քանի որ բազմակարծությունը “Ժառանգությունում” այլընտրանք չունի: Միեւնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. “Ոչ ոք անսխալական չէ` ինձնից սկսած մինչեւ այն երիտասարդը: Ոչ ոք հետադարձ հայացքով թող չմարգարեանա: Սա քաղաքականություն է, քաղաքականության մեջ “եթե”-ներով չենք առաջնորդվում”:
“Ժառանգությունն” այս պահին ընտրում է վարչության նոր կազմը, որը բաղկացած կլինի 11 անդամից: