Առավելագույնը՝ ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու համար
Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր: Այցի շրջանակում լրագրողներին հնարավորություն է տրվել տեսնելու, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ծանոթանալու մարտական հերթապահության կրման պայմաններին, հետևելու պայմանական հակառակորդի ոչնչացման ցուցադրական զորախաղին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ծանոթացել է զինվորների պատրաստությանը, անձամբ դիտարկել հակառակորդի դիրքերը, շարժը: Օրն ամփոփվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսով:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է անցած տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված գործողությունները, կարևորել միջազգային համագործակցությունը: Ըստ Սեյրան Օհանյանի՝ միջազգային համագործակցության ոլորտում շարունակում են պահպանվել բանակցային և գործընկերային հարաբերությունների գործող շրջանակները և չնայած միջազգային հակամարտությունների աճին, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է ապահովել օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համաչափ զարգացում՝ պահպանելով միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին՝ նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ զինված ուժերի կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ հայրենի եզերքի սահմանների պաշտպանության ապահովումը, այդ խորապատկերում՝ մարտական հերթապահության կրման պայմանների, տեխնիկական հնարավորությունների զարգացումն ու դիտարկման համակարգերի կատարելագործումը: «Հաշվետու ժամանակահատվածում մարտական հերթապահությունը նշանավորվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում կտրուկ լարման դեպքերով, որոնք չէին հասել թեժացման նման մակարդակի։ Սա արտահայտվեց նաև անցյալ տարվա ամառային «մինի» պատերազմով և ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի դավադիր խոցմամբ, տարեմուտի նախահարձակ գործողություններով։ Սակայն դիրքապահների հմուտ քայլերի և հակառակորդի դեմ պայքարի խելացի մարտավարության շնորհիվ նրանց գործողությունները չեն հանգեցրել ռազմավարական նպատակների իրականացմանը: Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքերով՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է հակառակորդի հետ խելացի հարաբերությունների ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման համար։ «Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևողականորեն գնում ենք դրան։ Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,–ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ չնայած մայիսի 12-ին լրանում է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագրի կնքման 21 տարին, սական այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել։
Լրագրողների այն դիտարկմանը, թե մտահոգիչ չէ արդյոք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցը, պաշտպանության նախարարը պատասխանել է, որ հայկական զինուժը հետևում է այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հարևան պետություններում մասնավորապես սպառազինության ձեռքբերման առնչությամբ, ըստ այդմ՝ համապատասխան աշխատանքով փորձում պահպանել հավասարակշռությունը։ «Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է։ Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է։ Կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարևաններին, մանավանդ, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայ-ռուսականհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշել է, որ հայկական զինված ուժերն անընդհատ կատարելագործում են ռազմական տեխնիկան և հաշվետու ժամանակահատվածում ևս ձեռք են բերվել տարատեսակ ինժեներական սարքեր, զինտեխնիկա, անօդաչու սարքեր, բարելավվել է ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը, ընթացքի մեջ են գործընկեր պետությունների հետ համատեղ հիմնադրված ձեռնարկությունների հենքի վրա գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրում նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ ըստ Սեյրան Օհանյանի արդեն բարձրացվել են հաշմանդամների, սպաների, ենթասպաների և պայմանագրայինների թոշակները, 74 զինծառայող մեկ տարվա ընթացքում ապահովվել է բնակարաններով, և այդ գործընթացը շարունակվում է:
Նախարարը նաև ընդգծել է, որ ռազմական կրթության ոլորտում նույնպես կան հաջողություններ: Ըստ էության՝ ՀՀ-ն արդեն ունի սեփական ակադեմիան, որն իր մակարդակով չի զիջում արտասահմանյան հաստատություններին:
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ ունենանք մարտունակ և ժամանակակից պահանջներին համապատասխանող բանակ: Ուստի՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը անում է առավելագույնը՝ ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու և առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ: