Էդ ոճիրը մեր ուշադրության կենտրոնում է. Նազարյանը՝ ռազմական ինստիտուտում կախված սերժանտի գործից
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի նիստին Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանից հետաքրքրվեց հունվարի 29-ի գիշերը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված սերժանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունից՝ հայտնելով, որ սպանվածի ծնողները հանդիպել են իրեն ու հայտնել իրենց մտահոգությունները:
Պատգամավորը նշեց, որ տղայի ծնողները կարծում են, որ ռազմական ինստիտուտի նախկին փոխտնօրենը, որի տղան անուղակիորեն առնչվում է այդ պատմության հետ, օգտագործելով կապերը փորձում է ճնշում գործադրել քննության վրա՝ տղայի մատիժը հնարավորինս մեղմացնելու համար:
Արա Նազարյանը ևս հանդիպել է սպանված սերժանտի ծնողների հետ. «Այն, իհարկե, մեր լիազորություններից դուրս է, բայց մեր վերաբերմունքից դուրս չէ, որովհետև էդ ոճիրը, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող արարքը, որ տեղի է ունեցել, նաև մեր ուշադրության կենտրոնում է, և մենք ինքներս հետամուտ ենք լինելու, որ լինի արդար վճառ: Զինդատախազի, Քննչականի դիրքորոշումը նույնն է՝ հարցին խստագույնս մոտենալ, որովհետև ոչ միայն հանրային հնչեղություն ունեցող մեծ հարց է, այլև ԶՈՒ-ի հետ է առնչվում:
Ես չգիտեմ՝ նրա հայրն ինչ լծակներ ունի…Բայց նա ներկայումս պիտի որ որևիցե լծակ չունենա»,-ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ նախկին փոխտնօրենը նախարարի կողմից խստագույնս պատժվել է:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ սպանվածի ծնողները պնդում են, որ հանցագործությունը կատարած չորսից բացի այլ զինվորներ էլ են եղել, սակայն հրաժարվում են ցուցմունք տալ՝ պնդելով, թե որևէ բան չեն լսել. «Հնարավոր չէ լինել մի սենյակում և չլսել, թե ինչպես են խոշտանգում, այնուհետև սպանված երեխային տանում ու կախում պտտաձողից»,-ասաց Զոհրաբյանը: