Ճապոնիան շնորհակալ է Հայաստանին` 2011-ի աղետից անմիջապես հետո ցուցաբերած աջակցության համար
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ:
Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, համագործակցության խորացման եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար:
Տակահիրո Յոկոմիչին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ Ճապոնիա այցելության առաջին օրը աղետից տուժած բնակավայր մեկնելու, տուժածների հետ հանդիպման եւ կարեկցանքի ու զորակցության խոսքերի համար: Նա նշել է, որ Ճապոնիան չի մոռացել 2011-ի աղետից անմիջապես հետո Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին, ով նույնպես նման մեծ արհավիրք է վերապրել:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու Ճապոնիայի հետ հարաբերությունները եւ շնորհակալություն է հայտնել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զգալի տեխնիկական եւ այլ աջակցության համար՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը կարեւորել են նաեւ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցությունը:
Նրանք համոզվածություն են հայտնել, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում առաջիկայում Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ձեւավորումից հետո միջխորհրդարանական կապերը երկու երկրների միջեւ ավելի կամրապնդվեն:
Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել Խորհրդարանում, այցելել նիստերի դահլիճ:
Տոկիոյում Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ “Տոշիբա” գիտությունների թանգարան, որտեղ Նախագահին ներկայացրել են ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող հանրահայտ “Տոշիբա” ընկերության անցած ուղին, գործունեությունը, ամբողջ արտադրատեսականին, ցուցադրել ընկերության հեռանկարային եւ առաջադեմ տեխնոլոգիաները:
Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաեւ հանդիպում Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: