Հայաստանը դեռեւս “կիսաավտորիտար” երկրների շարքում է. Freedom House
“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, ըստ որի “Հայաստանը կրկին կիսաավտորիտար կառավարումով պետությունների” շարքում է:
Ըստ զեկույցի` ժողովրդավարության մակարդակի ցուցանիշը Հայաստանում շատ քիչ է տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից` 5,43-ից այն նվազել է 5,39-ի:
Հարեւան պետություններից ամենաբարվոքը Վրաստանի վիճակն է: Այն հայտնվել է “անցումային” կամ “հիբրիդային” երկրների ցանկում:
Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակն ավելի ցածր է, այն դասվել է ավտորիտար երկրների շարքում, որոնց թվում են նաեւ Ռուսաստանը եւ Բելառուսը:
Լրատվամիջոցների անկախության առումով Հայաստանի մակարդակը հավասար է Տաջիկստանի մակարդակին: Որոշակի բարելավումներ են նկատվել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Վերոնշյալ ցուցանիշները ներկայացվել են “Պետությունները անցումային շրջանում” փաստաթղթի հիման վրա, որը ամփոփում է վերջին մեկ տարվա ընթացքում Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի 29 երկրներում արձանագրված առաջընթացը: