ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները
Հունիսի 12-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, եւ հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երեւանում նաեւ որպես բարեկամական Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար”:
“Հայաստանն աջակցել է Իռլանդիայի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահողի ընտրություններում, եւ մենք, հանդիսանալով ԵԱՀԿ ակտիվ անդամ-պետություններից մեկը, կնպաստենք իռլանդական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության եւ կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին”,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էյմոն Գիլմորն ասաց, որ ուրախ է այցելել Երեւան եւ ծրագրում է նաեւ ժամանել Հայաստան երկկողմանի այցով:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ Իռլանդական նախագահության օրակարգի կարեւոր հարց հանդիսացող Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովման շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված Ադրբեջանի քայլերը:
“Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ այս առումով մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ արտահայտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների հայտարարություններում 2009-ին՝ լ՛Աքվիլայում, 2010-ին` Մուսկոկայում եւ 2011-ին՝ Դովիլում”,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:
Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահությունը մտահոգված է իրավիճակի սրմամբ եւ նպատակադրված է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցման եւ իրագործման ուղղությամբ: Նա հավելեց, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Էյմոն Գիլմորը նաեւ դրական գնահատեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները եւ վերահաստատեց ԵԱՀԿ բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացին:
Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության բարեփոխումներին:
Էդվարդ Նալբանդյանի եւ Էյմոն Գիլմորի հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս: