«Սա չի փրկում պաշտպանության նախարարությանը»
«ՀՀ տարածքում վիրավորված զինծառայողների բուժումն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը, իսկ երկրի տարածքից դուրս ըստ օրենսդրության և միջոցների սղության պատճառով գերատեսչությունը պարտավորություն չունի բուժսպասարկման համար վճարելու: Բայց ՊՆ-ն մասնակի օգնություն տրամադրում է զինծառայողներին արտասահմանում բուժսպասարկման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հավելեց, որ իսկապես շատ դեպքերում պաշտպանության նախարարությունը տրամադրում է արտասահմանում բուժսպասարկման իրականացման համար օգնություն: «Սակայն այն հայտարարությունը, որ ՊՆ-ն պարտավորված չէ արտասահամանում բուժման համար վճարել, չի փրկում պաշտպանության նախարարությանը: Ըստ Սահամանադրության՝ Հայաստանը սոցիալական պետություն է և իր զինվորներին պետք է տեր կանգնի: Այս առումով հարկավոր է օրենսդրական փոփոխություն կատարել և ՊՆ-ի բյուջեում միջոցներ հատկացնել նման դեպքերի համար»,-շեշտեց նա:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը հավելեց, որ խնդիրը պետության ընդհանուր մոտեցման մեջ է առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նկատմամբ: «Միայն 2014 թ.-ին 64 զինծառայող զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Նախկինում ավելի շատ է եղել առողջական խնդիրներով զորացրվողների թիվը: Սա խոսում է պետության ընդհանուր մոտեցման մասին»,-եզրափակեց նա: