Ադրբեջանն էլ իր ներքին խնդիրներն է լուծում. նախկին նախարար
Գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ հավանականությունը շատ քիչ է, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի: «Եթե խոսում ենք լայնամասշտաբ պատերազմի մասին, ապա գործոնները շատ-շատ են, և հավանականությունը սկսելու ես համարում եմ շատ քիչ»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա: Նա ընդգծեց, որ նախևառաջ ՀՀ-ն ունի մարտունակ բանակ, պատրաստ է կռվել, և դա լրացվում է հայ-ռուսական հարաբերություններով, այսինքն՝ ՀԱՊԿ անդամությամբ:
Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ Ադրբեջանն էլ իր ներքին խնդիրներն ունի, ու դրանցից ուշադրությունը շեղելու համար է սահմանին լարում իրավիճակը: Ըստ նախկին նախարարի՝ այն, ինչ տեղի ունենում հայ-ադրբեջանական շփման գծում, պատերազմ չէ, այլ զինադադարի կոպիտ խախտում Ադրբեջանի կողմից: Թե ինչու նույն ՀԱՊԿ-ը չի արձագանքում համապատասխան կարգով, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը արձագանքել է և նույնիսկ ՀԱՊԿ ղեկավար Բորդյուժան շփման գծում է եղել: «Ամեն ինչ հիմնվում է փաստաթղթերի վրա՝ ՀԱՊԿ-ը միջամտում է ագրեսիայի դեպքում, և երբ դիմում է պետությունը: Հիմա Հայաստանը չի դիմել, ագրեսիա չի եղել»,-ասաց նա և հավելեց, թե դիմելու խնդիր չկա, քանի որ բանակը կարողանում է իրավիճակը վերահսկել:
«Նույնիսկ մեր բանակը չի բերվում բարձր պատրաստության, որովհետև այդ դիվերսիանները կանխելու համար բավարար են այն ուժերը, որոնք կանգնած են սահմանին»,-ասաց նա: