25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ռազմական ինստիտուտի սպաները մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացնում մարզերում

Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։

Այցելության ընթացքում անցկացվել են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Ռազմական ինստիտուտի ռազմավարական պատրաստության և ռազմական մանկավարժության ցիկլի պետ, գնդապետ Մելիք Դալլաքյանը, ինստիտուտի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Խաչատրյանը,  անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սոցիալ-իրավական սպա, մայոր Արա Ոսկանյանը ներկայացրել են ռազմական ինստիտուտը, ֆակուլտետները, ընդունելության կարգը, դասապրոցեսը, ֆիզիկական պատրաստության պարապմունքները։ Սպաները պատասխանել են երեխաների հարցերին, որոնք վերաբերում էին ռազմական ինստիտուտում աղջիկների սովորելու հնարավորություններին, ուսումից հետո ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայությանը, դասավանդվող առարկաներին։

Զինվորականները տեղեկացրել են, որ ռազմական ինստիտուտում դասավանդվում է մոտ 20 առարկա։ Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության միասնական քննակարգով` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են ռազմական ինստիտուտում։

Հանդիպման ընթացքում ցուցադրվել են ռեպորտաժներ, ֆիլմեր՝ ռազմական ինստիտուտի հիմնադրման, կայացման, գործունեության մասին։

Դպրոցների տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշակերտական խմբերի՝ ռազմական ինստիտուտ այցելությունների մասին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան ապագա սպաների կրթական պրոցեսին։

Ծրագիրը շարունակվելու է։ Ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները կլինեն նաև մարզի մյուս ավագ դպրոցներում, ինչպես նաև կհանդիպեն սահմանամերձ համայնքների աշակերտների հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ