Ադրբեջանին հանձնված զինվորի ու ծնողների միջև լարվածություն է եղել
«Զինծառայողներից մի քանիսը տեսել են, թե ինչպես է ինքը արագ վազում, բայց չի ստացվել կանխարգելել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը` խոսելով Ադրբեջանում գերի ընկած զինվորի մասին: Պատճառների վերաբերյալ նախարարն ասաց, որ ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցված ու ընթացքում ամեն ինչ կպարզաբանվի:
«Քանի որ ինքն այստեղ չէ, մենք պիտի կարողանանք ընտանիքի միջոցով, այդ ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, ինչի մասին անկասկած կտեղեկացնենք հանրությանը»: Ինչ վերաբերում է լուրերին, որ զինվորի նկատմամբ ճնշումներ են եղել, ապա նախարարն ասաց, որ դրանք եղել են ընտանիքում: «Ես նախնական կարող եմ ասել, որ իր և իր ծնողների միջև լարվածություն է եղել: Սպաների կողմից վատ վերաբերմունքը բացառում եմ, քանի որ նա պայմանագրային զինծառայող էր, ծառայել է առանձին, փոքր ստորաբաժանման մեջ»,- ասաց նախարարը: Վերջինս բացառեց նաև զինվորի առևանգման տարբերակը, քանի որ, նրա խոսքով, դեպքից 15 րոպե առաջ այդ վայրում եղել է հրամանատարությունը և իրականացվել է «Գոյամարտ» հեռուստածրագրի նկարահանումը: