«Այ մա՛րդ, կնոպկա սեղմող ենք, դու բեր, մենք կանցկացնենք»
Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկման էր դրվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության կողմից ներկայացրած նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցը։ Նախագծով նախատեսվում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը: Գեներալ Մանվել Գրիգորյանին բարկացրեց այն հարցը, որ օրենքում ժամկետի ու պարտադիր վճարի փոփոխության հարց չկա։ Նա առաջարկեց գումարի չափը կրճատել ու նոր օրենք բերել, որ անցկացնեն։ «Արեք, հեչ անենք, թող գան երեխեքը, արեք իջացնենք էտ չափը, թող սաղ գան, եթե գումարայինովա պայմանավորված, թող էտ հարցը լուծենք, պրծնենք»,-ասաց նա։ «Իսկ եթե նույնը, նույնը, էնա գրեք տվեք անցկացրենք էլի, էլ խի՞ ենք քննարկում: Եթե իջացնում ենք, ու գիտենք, որ հայրենիքի համար է, տուն վերադառանալու համար է, բերեք գումարը հանեք, թող լրիվ ձրի գան, «վայենի բիլետը» ստանան, գոնե պահեստազորային կլինեն»,-ասաց նա։
Մանվել Գրիգորյանը խոսեց նաև սահմանին կանգնող զինվորների մասին. «Այսօրվա երեխեքը մեղավոր չեն, երեկ երեք զինվոր են սպանվել, բա՞ դրանք մեղավոր են, մի երեխան հինգ երեխու տեղ պոստիա կանգնում էսօր: Բա էս երեխեքը մեղք չե՞ն, իրանց ծնողները մեղք չե՞ն, բա մեղք չեն, որ ուրիշի երեխեքի տեղը ծառայում են»: Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ նման օրենքի համար բավական ժամանակ է պետք, իսկ այս նախագիծն անցկացնելու համար ժամկետները պետք է նշվեն։ Գեներալը հակադարձեց.
«Այ մարդ կնոպկա սեղմող ենք, դու բեր, մենք կանցկացնենք, թե չէ նույն բանը բերում եք ու չեք փոխում»։ Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց նախագծին դրական եզրակացություն տալ և հարցը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնել պայմանով, եթե առաջին ընթերցմամբ ընդունեն, դրանից հետո ձևավորեն աշխատանքային խումբ, և այս առաջարկությունները ներկայացնեն։ Առաջարկը միաձայն ընդունվեց և նախագիծը դրական եզրակացություն ստացավ։