Սամվելը առաջիկա ամիսներին զորացրվելու էր.մայրը ծանր վիճակում է
Ադրբեջանական դիվերսիայի ընթացքում երեկ գլխի շրջանում վիրավորում ստացած զինվորներից մեկը Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 20-ամյա Սամվել Հակոբյանն է։
Արևաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ դեպքի մասին իմանալուն պես, բացի հարազատներից, Ստեփանակերտ են մեկնել եւս 10 մարդ: «Մայրը չի մեկնել, ուղղակի ի վիճակի չէր տեղաշարժվելու, ինքն իրեն կորցրել է»,- ասաց գյուղապետը: Խոսելով այս պահին Սամվելի առողջական վիճակի մասին` գյուղապետը տեղեկացրեց, որ Սամվելի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
Նշենք, որ Սամվել Հակոբյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
«Եղանակային վատ պայմանների պատճառով դժվար է նրանց ավտոմեքենաներով Երևան տեղափոխելը, եթե շտապ կարիք լինի կդիմեն ուղղաթիռի օգնությանը»,-ասաց գյուղապետը։ Նա պատմեց, որ Սամվելը առաջիկա ամիսներին զորացրվելու է, Արցախում ծառայում է եղբոր հետ, որին հունվարին են զորակոչել բանակ:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: