Դեղահումքի արտադրության նոր հնարավորություն Հայաստանում

«Այսօր դեղագործական բնագավառում աշխատող բոլոր կազմակերպությունները դեղերը բերում են դրսից, մասնավորապես Եվրոպական, Չինական կամ Հնդկական շուկաներից: Մեր խնդիրը հիմա այն է, որ այն բոլոր դեղերը, որ արտադրվում են մեզ մոտ իրացվեն մեր շուկայից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն Թոփուզյանը։
Թոփուզյանը նկատեց, որ առաջին կարևոր քայլը, որ արդեն արված է՝ հետազոտական լաբարատորիայի ստեղծումն է:
«Հարակավոր էր ժամանակակից լաբարատորիա , որը մեր ինստիտուտը չուներ: Հիմա արդեն կան բոլոր պայմանները դեղահումքը պատշաճ կերպով մշակելու համար»,-նշեց Թոփուզյանը:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են ԱՊՀ երկրներում և տարածաշրջանում բացառիկ՝ Երևանում հիմնադրված դեղահումքի մշակման և սինթեզի լաբորատորիայում արտադրության փորձարարական (պիլոտային) ծրագրի մեկնարկին։
Ծրագիրն իրականացնող շվեյցարական ընկերության ԱՊՀ-ում և Իրանում տնօրեն Տիգրան Հախվերդյանն էլ հավաստեց, որ գիտաարտադրական քիմիայի ոլորտում նախադրյալներ ստեղծվեցին, որ հայ մասնագետները աշխատեն, քանի որ մենք ունեինք դեղահումք ստեղծելու փորձ:
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի, շվեյցարական ընկերության և Զարգացման հայկական գործակալության միջև 2014թ. փետրվարի 14-ին կնքվել է եռակողմ համագործակցության հուշագիր, որով նախատեսված աշխատանքները և ներդրումները արդեն իսկ կատարված են: Լաբորատորիաներն արդեն ամբողջովին պատրաստ են շահագործման: Ներդրումների ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում կկազմի նվազագույնը 15 միլիոն եվրո: Ծրագրի իրագործումը հզոր խթան կհանդիսանա Հայաստանում դեղահումքի արտադրության նոր ավանդույթի հիմնման գործում: