WiFi համակարգ ՝ մայրաքաղաքի այգիներում
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետեւել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքին եւ ներկայացրել իր դիտողությունները:
՛՛ Քաղաքի մասին առաջին տպավորությունը ձեւավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետեւողականությունն եւ սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից՛՛,-աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձեւավորումը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաեւ մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:
Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները եւ համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:
՛՛ Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը՛՛,-նշել է քաղաքապետը:
Այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:
Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ եւ ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Կշարունակվի նաեւ բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:
Մայրաքաղաքի դպրոցներին եւ մանկապարտեզներին ցուցաբերվող աջակցությունը խթանելու եւ առավել նպատակային դարձնելու նպատակով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել ՛՛Օգնիր դպրոցիդ՛՛ եւ ՛՛Օգնիր մանկապարտեզիդ՛՛ կայքերի գործունեությունը։
Ընթացքի մեջ են վարչական շրջաններ – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Ոորակի ապահովման նպատակով պատասխանատուների կողմից կատարվում են շրջայցեր:
Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կամրացվեն ու կվերանորգվեն Մյասնիկյան պողոտայի միջնապատերը:
Շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:
՛՛Արձանագրված բոլոր ապօրինությունների մասով պետք կայացնել քանդման որոշում՛՛,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությանը` զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են վարորդների ծխելու, սանիտարական ոչ պատշաճ տեսքով մեքենաների երթեւեկման, ինչպես նաեւ կանգառագոտիներից դուրս կայանման մի շարք դեպքեր: Զեկուցվել է նաեւ, որ նախորդ շաբաթ կայացել են Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:
Չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման վերաբերյալ ՛՛Ջրային կառույցներ՛՛ ՓԲԸ տնօրենը զեկուցվել է, որ մինչեւ հուլիս կվերագործարկվեն եւս 3 մայրաքաղաքային շատրվան:
Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ հանգույցների կառուցման ուղղությամբ: Ավարտական տեսքի է բերվում Աբելյան-Հալաբյան հատվածը:
Շարունակվում են նաեւ մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման եւ նոր շենքերի լուսավորման աշխատանքները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում քննարկել եւ առաջարկություն ներկայացնել Դվին հյուրանոցի հարեւանությամբ տեղադրված արձանախմբի տեղափոխման հետ կապված:
Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: