Այն, ինչը մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ Զինված ուժերը Տեղ գյուղում հակահարված տվեցին և այնուամենայնիվ, եթե մեր զինված ուժերը նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այդտեղ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Կարծում եմ, որ հետագայում պետք է ելնենք այն իրողությունից, որ զինված ուժերի և՛ կարողությունները, և՛ բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրած խնդիրը։ Այն, ինչը որ մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ինքը պետք է իմանա, որ հարվածը ստանալու է։ Այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի։ Զինված ուժերն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականություն դարձնի», – ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված ծառայողական քննություն է լինելու՝ թերացումները պարզելու համար։
«Անպայման կլինեն ծառայողական քննություններ։ Մասնագիտական քննության արդյունքում պետք է գանք որոշակի եզրահանգումների. ԱԱԾ-ում անպայման կլինի, Զինված ուժերում էլ կլինեն», – ասաց Քոչարյանը։