՛՛Սա մեր հասարակության ամոթանքն է՛՛
՛՛Արդեն ամիսներ շարունակ ոստիկանությունը ավելի կոպիտ, ավելի ծայրահեղական միջոցներ է կիրառում ցանկացած ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը ունի մեկ հստակ գործելակերպ. բոլոր միջոցներով խափանել և ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ՛՛,-լրագրողների հետ քննարկմանը կարծիք հայտնեց ՛՛Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների՛՛ ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Քննարկման թեման փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպն էր:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` ոստիկանության այս վարքագիծը մեկ բառով՝ ողբերգություն է որակվում. ՛՛Սա ողբերգություն է, կրկնակի ողբերգություն: Այս սևազգեստ կանանց ոչ միայն չեն վշտակցում, ոչ միայն նրանց նամակներին չեն պատասխանում, այլև նման կոպիտ վերաբերմունքի են արժանացնում: Սա մեր հասարակության ամոթանքն է՛՛ :
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն էլ արտահայտեցին իրենց վրդովմունքը.՛՛Հայաստանի բոլոր պատկան մարմինների մոտ եղել ենք: Վերջինը եղել ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ: Նա ասաց, որ սա այն հարցն է, որ պետք է գլխավոր գերագույն հրամանատարը լուծի: Միևնույն է մենք շարունակելու ենք պայքարել մինչև մեր երեխաների սպանության գործերը չբացահայտվի՛՛,-ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: