16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճանապարհի եզրերին ցցի հանած կանայք էին` մերկ ու պատառոտված մարմնով

Զաքար Ֆնտխյանի վկայությունը

Նեխրի գյուղ, Դիարբեքիր

Դիարբեքիրի Արզնի գավառի Նեխրի գյուղը զուտ հայկական էր, 2.000-ի հասնող բնակչությամբ, քարաշեն եկեղեցով, երկու դպրոցով, պատմում է տեղացի Զաքար Ֆնտխյանը:Իրենց գյուղում տեղահանությունն ու կոտորածները սկսվել են Ամերիկայից բերված իր ջութակից, երբ գյուղ եկած հարյուրապետը պահանջել է նախ գործիքը, ապա տիրոջը: Որոշելէ չհանձնվել ու փախչել՝ ճանապարհին ականատես լինելով զարհուրելի տեսարանների, գրում է armeniangenocide100.org-ը:

Մեր գիւղը զուտ հայկական գիւղ մըն էր, 60 տունէ բաղկացած, 2000-ի մօտ բնակչութեամբ, մէկ քարաշէն եկեղեցի, մէկ քահանայով, երկու դպրոցներ, մին` մանչերու, միւսը` աղջիկներու, 2 ուսուցիչ և 2 ուսուցչուհիներով և 215 երկսեռ աշակերտներով: 

Գիւղը ունէր 250 զոյգ եզներ, 500 կովեր, 1000-է աւելի ոչխարներ, 60 չարեկ (20 փութ) սերմ կը ցանուէր, հողին 75%-ը գիւղացիներունն էր, իսկ մնացածը` թուրք կալուածատէրերուն: 

Մայիսի 8-ին կառավարութեան կողմէն ժանտարմական հարիւրապետ մը անցաւ գիւղերը փախստական զինուորներու որոնելու: Այդ գէղերը 15 զինուորներով պաշարեց մեր գիւղը հաւաքեց գիւղի քահանան և առաջնորդները, անոնց ծեծեց մինչև կիսամեռ վիճակի հասան: Յետոյ խմելիք պահանջեց և հարբեցաւ ու պահանջեց ջութակ մը: Իրեն տուին, չհաւանեցաւ ջութակը և պահանջեց աւելի լաւը: Ան ալ եկաւ խնդրեց ինձմէ իմ ջու­թակս, որ Ամերիկայէն բերած էի: Հարիւրապետը տեսնելուն ճանչցաւ, որ ամերիկեան է, պահանջեց ջութակին տէրը: Մարդը ուրացաւ, ըսելով, որ տէրը Ամերիկա է: Հարիւրապետը, կատղած, յարձակեցաւ վրան ու սպառ­նաց, թէ եթէ տէրը չբերես ձեզի պիտի զարնեմ: Ան չմատնեց ու հարիւրա­պետը սկսաւ ծեծել մինչև մարդը ուժասպառ եղաւ: Յետոյ ոտքերուն պայտ զարկաւ: Յաջորդ օրը գնաց Խոշմաթ: Այնտեղ նորէն խօսք կը բանայ այդ ջութակին մասին և կը խնդրէ, որ այդ ջութակը իրեն համար առնեն, նաև ուզած է հասկնալ, թէ ո՞վ է տէրը այդ ջութակին: Խոշմաթի մուխթարն ալ միամտօրէն ցուցմունքներ բրած էր, թէ Զաքար Ֆնտխեանն է և Նեխրի գիւղը կը մնայ: Քիչ յետոյ Խոշմաթի մուխթարը եկաւ և խնդրեց, որ ջու­թակր ծախեմ: Ծախեցի 5 ոսկիի: Գնաց և կարողացաւ այդ կաշառքով հա­րիւրապետին տալ պահանջուած զինուորներուն միայն կէսը: Հարիւրապետը քաղաք դառնալէ յետոյ կանչեց մեր գիւղին մուխթարը և յայտնեց, թէ «Դուն զիս խաբեցիր, այս ջիւթակին տէրը գիւղն է և ոչ Ամերիկա, պէտք է ինծի յանձնէք»: Մուխթարը վերադարձաւ, խնդրեց, որ անձնատուր ըլլամ:

 

Գիշեր մը դուրս եկայ և գացի դէպի քաղաք տանող ճանապարհը, ուր ականատես եղայ զարհուրելի տեսարաններու: Ճանապարհին մէկ կողմը իգաանդամներէն ցցած էին կիները` յատկապէս պատրաստուած սուր ցի­ցերու վրայ և թևերնին կապած փայտերուն խաչաձև, ծիծերնին կտրտուած, ճեղքռտուած, միւս կողմը` մարդկանց գլուխները դարձուցած դէպի կա­նանց կողմը, երեսի վրայ պառկեցուցած և յետոյքները փայտեր խոթած: Այդ միջոցին արդէն իմ արիւնս գլուխս ցատկած էր, երևցան խումբ մը քիւրտեր, ինծի ձայն տուին քիւրտ կարծելով: Ես սկսայ կրակել: Երկուստէք բաւական կրակ բանալէ յետոյ, ես քաշուեցայ մթութեան մէջ, առանց գիտնալու, թէ անոնցմէ մարդ սպաննուեցա՞լ, թէ՞ ոչ: Այդ թագստոցը մնա­ցի 17 օր, միշտ գիշերները դուրս գալով և զանազան ճանապարհներու վրայ ականատես ըլլալով նոյնանման դէպքերու: 

Մեր տան կիները և երախաները մնացած էին մուֆթիին մօտ: Ան ղրկած էր կիները դաշտային աշխատանքի: Ես հնարաւորութիւն ունեցայ տեսնուելու մերիններուն հետ: Անոնք յայտնեցին, թէ հրաման կայ, որ մինչև եօթը տարի, ուր որ տղամարդ տեսնեն, պիտի սպաննեն: Տեսնելով, որ ես մին-մինակ պիտի չկարողանայի որևէ դրական գործ կատարել, որոշեցի հեռանալ և երթալ քիւրտ բարեկամի մը մօտ: Մտածեցի երթալ տեղացի քիւրտ գիւղը: Ճանապարհ ինկայ, մոլորուեցայ և երկու օր մնացի սարերը, յետոյ հասայ գիւղը, մտայ քիւրտին տունը: Մարդը ժանտարմ էր Արիֆ օղլիի մօտ, որը պաշտօն ունէր հայերու տեղահանութեան մէջ: Ւնքը տունը չէր, կինը, մայրը և աղջիկը տունն էին: Աղջիկը հայերէն գիտէր, խնդրեցի պաշտպանութիւն, սպասեցի: Մարդը եկաւ, լաւ ընդունելութիւն ըրաւ, խոստացաւ պաշտպանել զիս, բայց փող պահանջեց: Խոստացայ: Քանի մը օր յետոյ, առաւօտ մը, երբ սովորականին պէս գնաց հայեր որոնելու և սպաննելու, պատուիրած էր մօրը, որ զիս իրիկունէ դուրս հանեն: Կարգա­դրուած էր, որ քանի մը քիւրտեր պիտի սպասէին և դուրս գայի որպեսզի սպաննէին: 

Իրիկունը ես պատրաստուած էի ելլելու, բայց կը նախազգայի, որ ծուղակը պիտի իյնամ: Ատրճանակը գրպանիս մէջ պատրաստ էր: Նորէն դիմեցի քիւրտին աղջկան, ըսի. «Ես ինկայ ձեր տունը: Այսօր, փոխանակ զիս ազատելու, դուրս կը հանէք, որ զիս սպաննեն»: Ազջիկր բռնեց ձեռքէս և ըսաւ. «Որքան ատեն ես կենդանի եմ, դուն ողջ պիտի մնաս մեր տան մեջ»:

Հայրը եկաւ, բայց աղջկան չհակառակեցաւ մէկ հատիկ ըլլալուն համար: 

Քիւրտը ամէն օր կ՚երթար և իրիկունը կը դառնար: 

Ժամանակ մը աշխատեցայ, բոլոր գործերը կատարեցի: Մարդը նորէն պահանջ դրաւ, որ պէտք է հեռանամ, իբր թէ կառավարութենէն կը վախնար: Աղջիկը քիւրտի մը երեք ոսկի տուաւ և զիս ուղարկեց Մազըրէ Կալէ ըսուած տեղը, Տերսիմի ստորոտները, իր քեռիին քիւրտ ցեղապետ Մլլօ Հուսէյնին: Ան զիս կը ճանչնար: Սիրով ընդունելութիւն ըրաւ ինծի, զինեց ոտքէս մինչև գլուխս: Խնդրեցի իրմէն, որ երթանք կինս ու զաւակս բե­րենք: Ձիերը նստանք զինուած, գիշերով գացինք: Ես գացի խոնախին այն բաժանմունքը, որտեղ հայ կիները կը մնային: Մտայ ներս, երախաս մեռած էր, կինս առի ու դարձանք նորէն քիւրտին գիւղը: 

Այդ միջոցին սկսած էին բերել Քղիի ժողովուրդը: Հիւրընկալս պնդեց, որ միասին երթանք կողոպուտի: Ես հակառակեցայ, բայց ան պնդեց, առարկելով, թէ «Պէտք է անպայման գաս, որ ուշադրութիւն չդարձնեն ուրիշները»: Համաձայնեցայ և գացինք: 

Գացինք, տեսանք, որ սարսափելի կոտորածները սկսած էին: Տեսայ, որ կին մը զարկած էին: Հոգեւարքի մէջ [էր]: Մէկ կողմը ստինքը ճեղքուած և կախուած: Մէկ տարեկան երախան կողքը կու լար. «Մայրի՛կ, կաթ տուր»: Վերցուցի երախան և դրի մորը ստինքին վրայ: Սկսաւ ծծել արիւնոտ կաթը: Արցունքները աչքերէս կը հոսէին, բարեկամս եկաւ, տեսաւ և որոշեց, որ այլևս պիտի չգայ: Իրաւ, որ այլևս չգացինք ոևէ տեղ կողոպուտի: Այստեղ ալ ականատես եղայ ցցի զարնուած և խա­չաձև թևերը բացած կիներու , բոլորովին մերկ: 

Իմ պաշտպան քիւրտը գնաց Բալու և մի քանի օրէն վերադարձաւ, պատմեց, թէ Եփրատի կամուրջին վրայ մասնաւոր սպանդանոց յեղած է գաւառապետ Խալիլ պէյի հրամանաւ, վարձուած մարդիկ, ճերմակ վերար­կու հագած, երեք տեղ կը կենան, հայերը կը բերեն կամուրջին վրայ նախ գաւառապետը ինք անձամբ քանի մը հատ գլուխ կը կտրէ և յետոյ գործը կը յանձնէ դահիճներուն՝ յայտարարելով. «Մարմինը` ազգին, իսկ գլուխը` պետութեան»: 

Շատ չանցած, արդէն մարտի սկիզբները, քիւրտերը արշաւեցին թիւրքերուն վրայ: Կառավարութիւնը պատրաստեց արշաւանք Տերսիմի դէմ: Մենք, զինուած, դիրքերը գացինք և պատրաստուեցանք ինքնապաշտպանութեան: Թուրք զինուորները եկան, կռիւը սկսաւ: Մինչև իրիկուն կռուեցանք: Պաշտպան Մլլօն սպաննուեցաւ: Հոգեւարքի մէջ կանչեց կինս և ըսաւ. «Ալմաստ, վրէժս դուն առ, վերցուր հրացանս»: Կինս վերցուց հրացանը և սկսաւ մեզի հետ կռուիլ: Այդ օրը 250-է աւելի դիակներ կային թափուած մեր դիրքերուն առք և բացի վիրաւորներէն: Յաջորդ օրը յարձա­կումը սաստկացաւ և մենք չկրցանք դիմանալ, կռուելով քաշուեցանք դէ­պի լեռները: Այդ օրուան կռուին մէջ կինս վիրաւորուեցաւ և ինկաւ: Չկրցինք վերցնել, մնաց թիւրք զինուորներուն ձեռքը: Մլլոյին, Սէյիտ Պաժթաշին և կնոջս գլուխները կտրեցին և տարին գաւառապետին, ժամին դուռը կախած էին: 

Պաշտպանեալս և կինս մեռնելէն յետոյ, ես զէնքերս թագցուցի, միայն «Քոլթ» ատրճանակ մը վրաս առի: Մուրացկանի տոպրակ մը ուսիս գացի Տերսիմի քիւրտերուն մէջ իբրև մուրացկան: Թուրք բանակը մեր կռուի շրջանէն 100-ի չափ քիւրտի գիւղեր քարուքանդ ըրաւ, յետոյ քիւրտերէն շատեր անձնատուր եղան, բոլորն ալ կոտորեցին: 

Տերսիմ քիւրտի մը մօտ աշխատանքի մտայ, քանի մը օր աշխատեցայ: Երզնկան գրաւուեցաւ, քանի մը ընկերներով անցանք Երզնկա: 

Զաքար Բ. Ֆնտըքեան

Բալու-Ներխի

[Գրի առնող` Ամատունի] 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 492, թթ. 12-21, բնագիր, ձեռագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 358 – 362:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ