Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում. եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում:
Նախ մատենավարը ներկայացրեց այն միջանկյալ միջոցները, որոնք ՀՀ կառավարությունը խնդրում է դատարանին կիրառել: Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի իր օժանդակությունը, այսպես կոչված, ցույցերին, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժը, երաշխավորի անխափան շարժը և ձեռնպահ մնա ԼՂ բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշեց՝ հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ: «Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում: Մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության պատճառով: Խանութների դարակները դատարկ են, սնունդը բաշխվում է քարտերով, դեղամիջոցների և բժշկական պարագաների էական պակաս կա…»,-ստեղծված հումանիտար իրավիճակը ներկայացրեց Կիրակոսյանը:
Նա նշեց, որ ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը՝ «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում: Ադրբեջանն այս ամենն անում է՝չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ երաշխավորել քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռների ապահով շարժը Լաչինի միջանցքի երկայնքով:
Մեկ ամսից ավելի է, ինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրահանգել է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը, որոնք Հայաստանում բուժսպասարկման կարիք ունեն: Բայց Ադրբեջանը անտեսել է Ստրասբուրգի դատարանին ևս:
Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ է դարձրել: Նա բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ ոչ մի հայերեն երգ չի երգվելու, և, որ այսուհետ ադրբեջաներենն է իշխելու այդ հողում»,-ասաց Կիրակոսյանը:
Նա ընդգծեց, որ շրջափակումը, գազամատակարարման և հոսանքի մատակարարման դադարեցումներն արվում են հատուկ՝ հանգեցնելու այդ արդյունքին: Կիրակոսյանը մեջբերեց նաև Ալիևի հետևյալ խոսքերը. «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ապա ճանապարհը բաց է, նրանք կարող են հեռանալ, ոչ ոք նրանց չի կանգնեցնի: Նրանք կամ կարող են հեռանալ խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով»:
«Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Ղարաբաղ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից: Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,-ասաց Կիրակոսյանը: